Ով է ՀՀ առողջապահության նոր փոխնախարարը.

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (24 մայիսի 2018, 557 – Ա) Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին:

Ինչպես մանրամասնում է armlur.am -ը 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը: 2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.): 2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել: 2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն: 2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն: 2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2017 թվականից մինչ օրս Փաստաբանների պալատի անդամ է: Մասնակցել է մի շարք հավաստագրված դասընթացների, մասնավորապես, 2017-ին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ «Ծրագրերի կառավարում» թեմայով, 2014-ին՝ «Ֆարմատեք‰ ՓԲԸ-ում՝ «Պատշաճ արտադրական պրակտիկայի (GMP) չափորոշիչների ներդրում և վերահսկում» թեմայով: 2010-ին Վարշավայում Եվրոպական դիվանագիտական դպրոցում մասնակցել է «Եվրոպական դիվանագիտություն» թեմայով դասընթացի: 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.