Lragir.am-ը գրում է.
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: «Հիմա ի՞նչ եք կարծում, մենք պետք է ասենք՝ Ազգային ժողովն ի վիճակի չէ աշխատելու, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների՞: Ազգային ժողովում մենք ենք իշխանությունը, բայց ընդդիմություն ենք կառավարությանը: Մենք կառուցողական ընդդիմություն ենք»:
Նա նշել է, որ իրենք պետք է օժանդակեն կառավարությանը՝ իրականացնելու այն ծրագրերը, որոնք միտված են երկրի զարգացմանը: «Եվ այս պարագայում ես չգիտեմ՝ ինչն է դրդապատճառը, որ նրանք պետք է գնան արտահերթ ընտրությունների»:
ԱԺ ՀՀԿ-ական նախագահ Արա Բաբլոյանն էլ այսօր հայտարարել է, որ խորհրդարանը ցրելու հիմքեր չկան:
ՀՀԿ-ն ներկայում պահում է մեծամասնությունը ԱԺ-ում եւ ՏԻՄ-ում, նրա նշանակած մարդիկ են ՍԴ-ում, Բարձրագույն դատական խորհրդում ու Գլխավոր դատախազությունում: Հետհեղափոխական շոկից հետո ՀՀԿ-ում փորձում են տեղավորվել նոր իրավիճակի տրամաբանության մեջ:
ՀՀԿ-ում հասկացել են նաեւ, որ իրենք ակամա վեր են ածվել իշխանության տարանջատման եւ Սահմանադրական կարգի «պատճառի», եւ դա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում իրենց համար:
Ավելին, նկատելի է, որ որոշում է կայացվել գործել «հակառակ ծայրից» եւ օգտվել այդ հնարավորությունից, ինչը թույլ է տալիս ներկայանալ որպես կառուցողական ընդդիմություն ու նոր կառավարությանը զսպող ուժ, այսինքն՝ քաղաքական bavakan լուրջ դերակատարում:
Արմեն Աշոտյանն, օրինակ, արդեն սկսել է հավաքել «քաղաքական հետապնդվողների» դիմումները եւ խորհուրդներ է տալիս կառավարությանն առաջիկա ծրագրերի մասով:
ՀՀԿ-ն փաստացի Նիկոլ Փաշինյանին առաջարկում է լոյալություն եւ աջակցություն խորհրդարանը չցրելու եւ արտահերթ ընտրությունների չգնալու դիմաց: Եվ Վահրամ Վաղդասարյանի միջոցով հարցնում, թե այդ դեպքում էլ ո՞րն է արտահերթ ընտրության դրդապատճառը:
Կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն փորձելու է խոչընդոտել այն օրինագծերին, որոնք առնչվում են արտահերթ ընտրություններին, հարկ եղած դեպքում օգտագործելով դատական համակարգը, Սահմանադրական դատարանն ու Դատախազությունը:
Ըստ ամենայնի, ՀՀԿ-ում համարում են, որ ժամանակը սկսում է գործել հօգուտ իրենց, համենայնդեպս այն հնարավորություն է տալիս «երկխոսության» մեջ մտնել գործադիր իշխանության հետ՝ նվազագույնը երաշխիքներ ստանալու համար:
Վահրամ Բաղդասարյանն այսօր մի հետաքրքիր ակնարկ էլ է արել, կապված ԱԱԾ-ի՝ ապօրինի հարստացման դեմ պայքարի շրջանակում կարգոների վերաբերյալ երեկվա բացահայտման հետ: Նա ասել է, որ ԱԱԾ-ն շտապել է, քանի որ «Մենք պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ ունեցած պայմանավորվածություններն ու օրենսդրական դաշտի կարգավորումը»: