Ազգային անվտանգության ծառայության կողմից ապօրինի հարստացածների բացահայտման օպերացիայի շրջանակներում այսօր ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերություն: Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատել է ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը՝ ասելով, որ կան բերման ենթարկված անձինք:
«Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունը ստեղծվել էր նախորդ տարի, երբ Պետական եկամուտների կոմիտեն որոշել էր պայքարել միջնորդ օղակ հանդիսացող կարգոների դեմ: Դրանք այն ընկերություններն էին, որոնք տարբեր երկրներից մեծածավալ ապրանքների ներկրմամբ ու մաքսազերծմամբ էին զբաղվում:
Կարգոները փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքներն արտերկրից տեղափոխում էին Հայաստան, «մութ» սխեմաներով իրականացնում մաքսազերծումը և հանձնում դրանք ապրանքների տերերին: Ըստ ՊԵԿ-ի՝ որ հանցավոր համաձայնություն էր կիրառվում մաքսավորների ու կարգոների միջև, կոռուպցիոն շղթա էր գործում:
ՊԵԿ-ը նախորդ տարի որոշել էր փակել կարգոները՝ ստեղծելով մեկ ընկերություն՝ «Նորֆոլկ քոնսալթինգ»-ը, որը զբաղվում էր այդ աշխատանքներով: ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն ասել էր, որ այս ընկերության ստեղծումը ոլորտում կարգուկանոն հաստատելու ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակ ուներ:
Կարգոների փակման դեմ առևտրականները բողոքի ակցիաներ արեցին նախորդ տարի: ՊԵԿ-ը հայտարարում էր, որ նրանք ուղղորդվում էին կարգոների տերերի կողմից:
Նշենք, որ մամուլում հրապարակումներ էին եղել, որ «Նորֆոլկ քոնսալթինգ»-ը օֆշորային ծագում ունի և կապված է օֆշորում գրանցված «Norfolk Projekt LP» անվանումով ընկերության հետ: Ընկերության ղեկավարը «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահ Արմեն Ունանյանն է: