politik.am-ը Գրում է.
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը մի քանի օր է կանգնած է մի խնդրի առաջ, որը իր բնույթով քաղաքական չէ, սակայն մեծ դժվարությունների առաջ կարող է կանգնեցնել գործող կառավարությանը: Հարցը վերաբերվում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը: Երկրում տեղի ունեցած գործադիր իշխանության փոփոխությունից հետո բնապահպանները առավել ակտիվ են իրենց քայլերում և ունենալով նաև Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչների աջակցությունը, պահանջում են Փաշինյանից քայլեր ձեռնարկել թույլ չտալ, որպեսզի այդ տարածքում հանք շահագործվի:
Բնապահպանների պահանջին է միացել նաև Ջերմուկ քաղաքի ավագանին: Քաղաքի ավագանին կոչով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հստակ նշել իրենց պահանջները. «…..ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝
1. Անհապաղ և համարժեք քայլեր ձեռնարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման չեղարկելու համար:
2. Միջոցներ ձեռնարկել հանքավայրի շինարարության փուլում Ջերմուկի բնակիչների և տնտեսական օբյեկտների կրած վնասները գնահատելու և փոխհատուցելու ուղղությամբ»,-նշվում է Ջերմուկ քաղաքի ավագանու տարածած հայտարարությունում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ, որտեղ նա խոսել էր հենց հանքաարդյունաբերության ոլորտի խնդիրների մասին` հայտարարել էր, որ կտրուկ քայլերի չեն կարող գնալ, քանի որ դա կխանգարի Հայաստան եկող ներդորղներին: Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներն ու բնապահպաններն էլ իրենց պահանջներում կտրուկ են և պատրաստ չեն հանդուրժել որևէ ձևով հանքի շահագործումը:
Սա փաստորեն տնտեսական բնույթի առաջին լուրջ խնդիրն է, որին բախվում է Նիկոլ Փաշինյանը: Մի կողմից մարդիկ են, ովքեր ցանկանում են ապրել մաքուր շրջակա միջավայրով ու նրանց պահանջը երկարաժամկետ առումով առավել արդարացված է, մյուս կողմից Հայաստան եկած խոշոր կազմակերպությունը՝ իր բերած ներդրումներով:
Չպետք է մոռանալ, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության մեջ շատ մեծ տեղ է զբաղեցնում: Հիմա Փաշինյանը դժվար ընտրության առաջ է կանգնած: Նա կամ պետք է քաղաքական կամք դրսևորի ու կանգնեցնի Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը ու տնտեսության այլ ոլորտների համար փորձի արտաքին ներդրումներ բերել, կամ կարող է անտեսել Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչների ու բնապահպանների պահանջը: Այս խնդրի լուծման երկու տարբերակների դեպքում էլ Փաշինյանին հեշտ օրեր չեն սպասվում: