Lragir.am -ը Գրում է.
«Կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետեւաբար՝ ընդդեմ ժողովրդի», Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:
Ներկայում Հայաստանում բողոքի մի քանի ակցիա է տեղի ունենում: Դրանց մի մասը կապված է բնապահպանական խնդիրների ու հանքարդյունաբերող ընկերությունների գործունեության, իսկ մյուս մասը՝ Սասնա ծռեր խմբի, Սամվել Բաբայանի եւ այլ անձանց գործերի հետ, որոնց ձերբակալությունները քաղաքական են անվանում:
Այսօր խորհրդարանում քննարկվել է վաղաժամկետ ազատ արձակման կարգում փոփոխություններ անելու հարցը: Կարծիք կա, որ այդ փոփոխությունից հետո ազատազրկվածների մի մասը կարող է ազատ արձակվել: Այլ քայլեր էլ են ձեռնարկվում, որոնք թույլ կտան իրավական մեթոդներով ազատ արձակել մարդկանց:
Սակայն ձերբակալվածների պաշտպանության ակցիաներն ու հզոր թրոլինգը համացանցում շարունակվում են:
Մինչեւ այժմ Փաշինյանը փորձում էր հետեւել ազգային համաձայնության սկզբունքին, անգամ Հանրապետկան կուսակցության հետ՝ շարունակելով առանց ցնցումների հեղափոխության քաղաքականությունը: Հեղափոխության ընթացքում, ի հեճուկս սպասումների, ոչ ոքի չեն ձերբակալել, կուլակաթափ չեն արել ու լինչի դատաստանի չեն ենթարկել: Անգամ հեռացումներն ընդգծված հարգալից են, որ ցնցումներ ու ավելորդ լարվածություն չլինի:
Ո՞վ է շահագրգռված նոր կառավարությանը սաբոտաժ անելու հարցում: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սաբոտաժի մասին նախազգուշացո՞ւմ է այդ ուժերին: Եթե Փաշինյանը սկսի անուններ տալ, ապա դա այդ ուժերի համար մեծ մինուս կլինի նախընտրական արշավի ժամանակ: