Hraparak.am կայքը գրում է.
«Ազգուտակով՝ պաշտոնյա» շարքի շրջանակներում այս անգամ անդրադառնում ենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Ավազանի անունը՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, ծնվել է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում, ավարտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը։ Կրթությունը շարունակել է նաեւ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում, ապա տեղափոխվել է Ռուսաստան՝ իր ուսումը շարունակել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1999թ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։ Ճիշտ է, դասական առումով Գարեգին Բ-ն պաշտոնյա չէ, հոգեւոր առաջնորդ է, բայց ունի ոչ պակաս բարձրաստիճան պաշտոնյային հարիր դիրք, լծակներ, ուժ։
Գարեգին Բ կաթողիկոսի եկեղեցաշինական գործունեությունը հաճախ սուր քննադատության է ենթարկվում հայաստանյան հասարակության և հայկական սփյուռքի առանձին ներկայացուցիչների կողմից, որոնք պարբերաբար բաց նամակներով են հանդես գալիս, բացահայտումներ անում։ Դեռևս 2012 թվականին հայ եկեղեցու որոշ քահանաներ նամակով դիմել են Արամ 1-ին կաթողիկոսին, որպեսզի իր օգնությամբ պաշտոնանկ անեն Գարեգին Բ-ին: Նրանք որպես պաշտոնանկության պատճառ նշում էին այն, որ Գարեգին Բ-ն ունի ընտանիք’ կին և աղջիկներ: Ըստ այդ նամակի՝ Կաթողիկոսի աղջիկները չափահաս են և ամուսնացած են արդեն: Նամակում նաև ասվում է, որ Գարեգին Բ-ի փեսան, եթե խնդիրներ է ունենում՝ գործածում է աներոջ անունը, որպեսզի ավելի բարեհաճ աչքով նայեն իրեն:
Ովքե՞ր են Գարեգին Բ-ի հարազատները, բարեկամները
Անշուշտ, մենք վստահ չենք, որ կուսակրոնությունը՝ չամուսնանալու պարտադրանքը, մեր եկեղեցում արդար է, եւ կողմնակից էլ չենք, որ այն պահպանվի: Բայց եթե եկեղեցին մի կառույց է, որը գործում է իր իսկ սահմանած կանոններով, ուրեմն պետք է դրանք պահպանի: Իսկ դրանց խախտումը մեղք է, ապօրինություն եւ հոգեւոր ու բարոյական նորմերի խախտում:
Հայ առաքելական եկեղեցու եւ ընդհանրապես հանրության շրջանակներում մշտապես խոսում են այն մասին, որ մեր կաթողիկոսները խախտում են այս կանոնը եւ երկրային հաճույքներից զերծ չեն մնում: Ավելին՝ նրանք նաեւ զավակներ են ունեցել եւ ունեն, որոնց շրջապատում ճանաչում են որպես «կաթողիկոսի որդի», «կաթողիկոսի դուստր»: Բայց այդ ամենը մենք վերագրել ենք ասեկոսեների՝ մի մասին հավատացել ենք, մյուսները լեգենդ ենք համարել: Մինչ այն պահը, երբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին մոտ կանգնած անձը մեզ տեղեկացրեց, որ կաթողիկոսը աղջիկ ունի՝ Խաթուն, վերջինս էլ Սարյան փողոցի վրա դեղատուն ունի: Գարեգին Բ-ն ընդհատակյա դստերը կոչել է իր մոր անունով: 28-32 տարեկան կին է։ «Curatio LTD» դեղատանը հայտնաբերել էինք Խաթունիկ Կտրիճովնային: Ինչպես վերեւում էինք նշել արդեն, Կտրիճը Գարեգին Բ-ի ավազանի՝ աշխարհիկ անունն է: Փաստորեն, այն ժամանակ կուսակրոն եպիսկոպոսն իր աղջկան տվել է մոր անունը եւ հայրանվան հարցում էլ չի կեղծել: Հայտնաբերեցինք Խաթուն Կտրիճովնայի մասին ինտերնետում՝ Գրիգորյան Խաթուն Կտրիճի, մասնագիտությամբ՝ գինեկոլոգ, աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատանը։ Անուն-հայրանունն այնքան եզակի է, որ գրեթե բացառված է սխալվելու հավանականությունը:
Իսկ ով է Խաթունի մայրը՝ Գարեգին Բ-ի կինը, այդ մասին եւս մամուլը գրել է, Լուիզ Սիմոն Մանուկյանն ամերիկահայ բարերար է, ծնվել է Դեթրոյթում։ Նրա հայրը հայտնի գործարար և հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, որը եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։
Լուիզ Սիմոն Մանուկյանն ամուսնացել է Արման Սիմոնի հետ և ապրել Մանհեթենում։ 1989 թվականին դարձել է ՀԲԸՄ նախագահ իր հոր նախագահությունից հետո։ Դեռ 1962 թվականին նրա ծնողները հիմնադրել են իր անվամբ հիմնադրամը, որը հետագայում վերանվանվեց Մանուկյան Սիմոն հիմնադրամ: 1979 թվականին Լուիզ Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը։ Լուիզ Սիմոնն ունի մեկ աղջիկ՝ Քրիստինեն, և երկու որդի՝ Դավիթը և Մարկը։ 2012 թվականի նոյեմբերի 26-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի հրամանագրով Լուիզ Սիմոն Մանուկյանը պարգևատրվել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։ Սրանք պաշտոնական տվյալներն են: Լուիզ Սիմոնը տարիքով մեծ է կաթողիկոսից, սակայն Հայ Առաքելական եկեղեցու մեր աղբյուրները պնդում են, որ տարիքային զգալի տարբերությունը չի խանգարել, և նրանք երկար ժամանակ միասին են ապրել Գերմանիայում, որտեղ երկուսով ծառայել են հանուն Հայ եկեղեցու: Նույն աղբյուրների պնդմամբ, զույգի միասնության արդյունքում՝ 1981թ. դեկտեմբերի 6-ին ծնված երեխան անվանակոչվեց Գարեգինի մոր՝ Խաթունի անվամբ: Երիտասարդ կուսակրոն Գարեգինը, իր կարծիքով, ճիշտ էր հաշվարկել ՝ Լուիզ Սիմոնի հետ կապի արդյունքում նա մեծ ունեցվածքի տեր դարձավ։
Այսքանը հայտնի է ընտանիքի մասին։ Գարեգին Բ-ն նաեւ եղբայրներ ու քույրեր ունի։ Ոսկեհատ համայնքը 2002թ.-ից ղեկավարում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը: «Հետքը» գրել էր, որ Ոսկեհատ գյուղական համայնքի բյուջեն դարձել է համայնքապետի, ավագանու, համայնքապետարանի աշխատակիցների «նեղ օրվա» ապրուստի միջոցը:
Տարիներ շարունակ ավագանին որոշում է կայացրել, որ հենց իր անդամն է կարիքավոր ու նրան է գումար հատկացրել: Ավելին՝ «կարիքավոր» ավագանու անդամը մասնակցել է նիստերին և կողմ քվեարկել, որ համայնքի բյուջեից իրեն գումար հատկացնեն: Այդ օգնություններից անմասն չեն մնացել նաև համայնքապետի որդիները, որոնք նույնպես «կարիքավոր» են ներկայացել և օգտվել համայնքային բյուջեից: Նրանց տրվել է նաև գույքահարկը չվճարելու արտոնություն: Այդ որոշումներն ավագանու նիստում ընդունվել են միաձայն՝ «և՛ գառներն են ողջ և՛ գայլերն են կուշտ» սկզբունքով: Փոխարենը փոշիացրել են համայնքային միջոցները: Օրինակ՝ Գեւորգ Ներսիսյանիմի որդին՝ Համբարձում Ներսիսյանը օգնություն էր ստացել 35 հազար դրամի չափով, մյուս որդին՝ Կորյուն Ներսիսյանը, օգտվել է գույքահարկ չվճարելու արտոնությունից եւ այդպես շարունակ։ Վերջինս դատախազ է, օրերս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ դատական նիստի ժամանակ հարձակվել է փաստաբանի վրա, հայհոյել վերջինիս։ Գյուղապետի կինն էլ գրադարանի վարիչ է, ամուսինը թե իրեն, թե կնոջը պարբերաբար պարգեւատրում է լավ աշխատանքի համար։
Կաթողիկոսի մյուս եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը Ռուսաստանի թեմի առաջնորդն է, **քրոջ որդին՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան՝ Արագածոտնի թեմի առաջնորդն է։ **Ավելի վաղ նա աշխատել է Սեւանի Վազգենյան ճեմարանում որպես ռեկտոր։
Շարունակությունը` այստեղ