Գրում է civilnet.am-ը
Հռչակավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն տեսակապի միջոցով մասնակցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտում կայացած քննարկմանը, որը կրել է «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» խորագիրը։ [Քննարկմանը տեսակապի միջոցով միացել էին նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։] Աճեմօղլուի հետ զրուցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը։ Զրույցը թարգմանաբար՝ ստորև։
- Ասացեք խնդրեմ,- մի հիմնարար հարց, ինչի մասին բոլորս ենք ուզում իմանալ,- այն, ինչ մենք մինչ այժմ ունեինք Հայաստանում, արդյոք որևէ չափով ավազակապետությո՞ւն (kleptocracy) էր, երբ նորմալ էր համարվում երկրի ռեսուրսների հետ վարվել այնպես, ինչպես իշխող վերնախավն էր ցանկանում՝ խելամիտ կամ ոչ խելամիտ։ Ինչպե՞ս մենք կարող ենք այդ կետից հասնել հավասար մրցակցության դաշտի։
- Կարծում եմ՝ դա մեր օրերի շատ կարևոր հարց է, և ոչ միայն Հայաստանի, այլև շատ երկրների համար։ Գրեթե կասկած չկա, որ Հայաստանը, մեծ հաշվով, ավազակապետություն էր վերջին երկու տասնամյակների և անգամ ավելի շատ ժամանակահատվածում։ Հրաշալի է, որ այժմ Հայաստանը շրջադարձի կամ պոտենցիալ շրջադարձի կետում է։ Սակայն, ցավոք, որևէ երկրի համար միասնական դեղատոմս չկա, որին նրանք պետք է հետևեն և թոթափեն ավազակապետությունը։ Ահա թե ինչպես եմ ես մտածում․ այդպիսի փոփոխությունը երկու կողմ ունի։
Առաջին կողմն այն է, որ պետք է լինի քաղաքական խաղաղ անցում։ Դա պահանջում է, որ սկսվի քաղաքական փոփոխության գործընթաց, որը դուրս չգա վերահսկողությունից և չվերածվի քաղաքացիական մեծ պատերազմի կամ մահացու զինված բախումների տարբեր խմբերի միջև։ Հայաստանը թերևս հրաշալի կերպով կարողացավ դա անել։ Մենք քաղաքական փոփոխությունների գործընթացի մեջտեղում ենք։ Առնվազն հին գվարդիան դուրս է մղվել, նոր դեմքեր, նոր ավյուն և նոր հեռանկարներ կան։ Եվ, որ ավելի կարևոր է, մեծ խանդավառություն կա հասարակությունում՝ քաղաքացիական հանրությունում, իշխանությունում, բիզնես շրջանակներում, Սփյուռքում, ամենուր,- որ մենք կարիք ունենք փոփոխությունների, և հիմա դրա ճիշտ ժամանակն է։ Սա իսկապես մեզ համար առաջ շարժվելու նախադրյալների հրաշալի հնարավորություն է։
Երկրորդ կողմն այս գործընթացի հեշտ չէ։ Եվ դա այն է, թե գործնականում ինչպես եք կարողանալու փոխել գոյություն ունեցող ավազակապետական համակարգի խորքային կեղեքիչ (extractive) բնորոշիչները, և ստեղծել մի համակարգ, որտեղ կա խաղի հավասար դաշտ, կան խթանող գործոններ, հնարավորություններ, և մարդիկ քաջալերված են արդունավետ մասնակցելու երկրի տնտեսական և սոցիալական կյանքին։
Մենք գիտենք, որ դա պահանջում է ազատվել կոռումպացված վերնախավից, պահանջում է ներդնել ինստիտուցիոնալ նոր տարրեր, այնպես, որ նոր համակարգը չվերածվի մի բանի, երբ արդեն ուրիշ անձեր ու խմբեր դառնան կոռուպցիայի շահառուներ։ Ինչպե՞ս է հնարավոր դա կանխել։ Դա կանխելու համար պետք է, որ մարդիկ հրաժարվեն կոռումպացված լինելուց, ինչն իհարկե գործընթացի միայն մեկ տարրն է։ Դրա համար շատ ավելին է պետք։
Պետք են ինստիտուցիոնալ հիմքերը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։ Անհրաժեշտ է, որ ստեղծեք շատ ավելի լավ դատական համակարգ, բարելավեք ձևը, թե ինչպես է կարգավորվում, հարկվում տնտեսությունը, ստեղծեք խթաններ բիզնեսի համար։ Հայաստանի համար շատ-շատ կարևոր է շարունակել զարգացնել մարդկային ներուժը։ Ես կարծում եմ, որ այս սկզբունքները նախևառաջ ենթադրում են օգտվել այն լավ սկզբից, ինչ կա այժմ՝ փոխանակ փորձելու ինչ-որ ուղիներ գտնել պատժելու ընդդիմախոսներին և նույնիսկ նրանց, ովքեր կոռումպացված են եղել։ Ուղղակի նայեք ապագային։ Խնդիրը ընդդիմախոսներից վրեժ լուծելը կամ նման որևէ բան անելը չէ։ Խնդիրը ինստիտուցիոնալ ողնաշար ստեղծելն է, որպեսզի այդ արատները չկրկնվեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
Մանրամասները՝ Տեսանյութում