«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ:
Նշենք,ինչպես մանրամասնում է News.am -ը, որ ըստ նոր Սահմանադրական կարգավորումների, սա այն 4 կառույցներից մեկն է, որոնք գտնվում են ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողության ներքո։ Այս կառույցներն են՝ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը եւ ՀՀ պետական պահպանության ծառայությունը։
Ըստ էության, Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ կառույց է լինելու, քանի որ նախկինում վարչապետի ենթակայությամբ նման մարմին չի գործել։
Պետական վերահսկողության ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:
Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է անցկացնելու պետական կառավարման համակարգի մարմիններում եւ հիմնարկներում, հետեւելու է կառավարության, վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացին, ինչպես նաեւ վերահսկողություն է ունենալու hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ։