Ինչպես մանրամասնում է lragir.am-ը,Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ուղիղ եթերում կարեւոր հայտարարություններ է արել դատական համակարգի մասին:
Ինձ զեկուցում են, որ դատական համակարգը կաթվածահար է, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կաթվածահար է, որովհետեւ սովորել է վերեւից ցուցումներով որոշումներ կայացնելուն: Այսուհետ Բաղրամյան 26-ից ու առհասարակ որեւէ այլ տեղից դատավորներին հրահանգներ չեն տրվելու, ասել է նա:
Եթե դատավորներն իրենց վրա պատասխանատվություն են վերցրել, թող սովորեն որոշումներ կայացնել, այդ թվում ձերբակալության բազմաթիվ որոշումների համար, ասել է նա:
Փաշինյանն ասել է, որ մտադիր չէ անցնել կարմիր գիծը եւ ցուցումներ տալ դատավորներին: Թող դատավորներն ինքնուրույն որոշումներ կայացնեն եւ պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար:
Դրա համար պետք է որոշումներ կայացնել օրենքին եւ իրավունքին համապատասխան: Միայն այդպես կարող է անկախ դատական համակարգ կայանալ:
Սա քայլ է, որը կարող է փոխել դատական համակարգը: Դրա թեստը կլինեն Սասնա ծռերի եւ մյուսների գործերը, որոնք ձերբակալվել են ու պատիժ են կրում քաղաքական տարրեր պարունակող գործերով:
Դատավորները պետք է որոշում կայացնեն՝ արդյոք պետք է փոխել Սասնա ծռերի խափանման միջոցը, վերանայել այլ բանտարկյալների գործերը:Դատավորները ստիպված են լինելու ծանր որոշումներ կայացնել կամ էլ խոստովանել, որ ի վիճակի չեն այդպիսի որոշումներ կայացնել եւ ինքնաբացարկ հայտարարել: