Հոկտեմբերի 27-ին պետք է սպանվեր բոլորովին ուրիշ մարդ, եւ ոչ թե նրանք, որոնք սպանվեցին,-«Ա1+»-ին ասաց Ֆրանսիայում բնակվող քաղաքական փախստական Արծրունի Ավետիսյանը
«Նա, ով պետք է մեռներ, հիմա էլ ողջ է, ես գիտեմ, թե ով է նա, գիտեմ նրա անունը, գիտեմ որտեղ է բնակվում»,- պնդում է նա
Ավելին առայժմ կարգալույծ եղած հոգեւորականը այդ մարդու մասին չի կարող ասել, միայն՝ դատարանում. «Նա կենդանի է մնացել բացառապես միմիայն Սերժ Սարգսյանի ջանքերով»։
Մեր զրուցակիցը տեղեկություններ ունի, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցածը ռուսների վրեժխնդրությունն էր Հայաստանի հանդեպ։ Ըստ նրա, 1991-ին Խորհրդային Միության փլուզումն արագացնելու համար հայերը դիվերսիա են իրականացրել Ռուսաստանում եւ դա եղել է քաղաքական դիվերսիա։ Վրեժի գաղափարը ռուսների մոտ ծագել է միայն դիվերսիայից 6 տարի հետո, «Որովհետեւ այդ ժամանակ է բացահայտվել դա»։
Մեր զրուցակիցը չի ասում, թե Ռուսաստանում հատկապես ինչ դիվերսիա է արել այդ մարդը, որը պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ի 9 զոհերի փոխարեն, բայց, «Արել է այն, ինչ-որ պետք է արվեր եւ ես գտնում եմ, որ տեղին է արել»։։
Ըստ Արծրունի Ավետիսյանի՝ մարդը, որին ծրագրում էին, սպանել, Տեր-Պետրոսյանի կառավարության ներկայացուցիչ է եղել։ Նա 1997 թվականին իր արարքով հպարտացել է Ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի մոտ, որն իր հերթին տեղի ունեցածի մասին անմիջապես զեկուցել է Ռուսաստանին։
Արծրոնի Ավետիսյանը պնդում է, թե «Սերժ Սարգսյանը շատ հաջող կերպով խաբել է նաեւ Կրեմլի բարձրաստիճան բարեկամներին», այլ կերպ է ներկայացրել իրավաիճակը, « ուրիշի մեղքը Վազգեն Սարգսյանի վրա բարդելով»։
Արդյունքում ռուսներն, ըստ Արծրունի Ավետիսյանի, որոշում են կայացնում վերացնել Վազգեն Սարգսյանին՝ չխոչընդոտելով, որ նա նախ պաշտոնանկ անի Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ այնուհետեւ դառնա Հայաստանի վարչապետ։
«Հենց Նաիրի Հունանյանի սպանությունների այդ պահին անգամ Հայաստանի խորհրդարանի շենքում գտնվել է Ռուսաստանի անվտանգության մի խումբ աշխատակիցներ, որպեսզի օգնեն Նաիրի Հունանյանին իր սեւ գործը կատարելու համար»,- ասաց նա։
Այսօր Ֆրանսիայում բնակվող Արծրունի Ավետիսյանը մեկ վայրկյան չի կասկածում, որ տիրապետում է հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածի ամբողջ ճշմարտությանը։ Ասում է, որ իրեն օգնել են մեր պաշտպանության նախարարությունից։
Վստահեցնում է, որ Նաիրի Հունանյանը Ազգային Ժողովի շենք մտնելիս արդեն գիտեր, որ պետք է սպանի Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին, որովհետեւ նա, ով պետք է լիներ հոկտեմբերի 27-ի ենթադրյալ զոհը, խորհրդարանում չէր։
Որովհետեւ պատգամավոր էլ չէր։ Արծրունի Ավետիսյանը դեմ չէր լինի, եթե իրեն դատի տային այս բացահայտումների համար. «Ես պատրաստ եմ, որ ինձ դատարան տանեն։ Ինձ դատարան տանեն եւ կտեսնենք, թե ով դուրս կգա ազատ եւ ում կտանեն դատարանի դահլիճից»։։
Առայժմ հայտնի չէ, թե որ երկրի դատարանից ինքը ազատ դուրս կգար՝ Հայաստանի՞, թե՞ Ֆրանսիայի։