Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը մայիսի 11-ին կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Մյուս նշանակումները նույնպես առաջիկայում կլինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարել: «Այս պահին մենք կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու ծրագիր չունենք և չենք էլ հասցնի ֆիզիկապես, սակայն Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են:
Ամեն ինչ անելու ենք, որ այդ նախարարությունը գործի ոչ միայն սփյուռքի ու հայապահպանության շրջանակում, այլև դա պետք է հայրենադարձությունը կազմակերպող և հայրենադարձությանն աջակցող հիմնական օղակը լինի»,- նշեց նա:
Դավիթ Տոնոյանը 2010-2017 թվականներին զբաղեցրել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2017-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը 2016 թվականից զբաղեցնում էր Վիգեն Սարգսյանը, ով, սակայն, մայիսի 8-ին հրապարակած տեսաուղերձում, ապա նաև մայիսի 9-ին ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ չի լինելու նոր կառավարության կազմում: