Ցուցարարները փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը. ոստիկանները չեն խանգարում

Երեւանի քաղաքապետարանի դիմաց քաղաքապետ։ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջոց ակցիայի մասնակիցները փակել են Արգիշտի փողոցը, այդ թվում Մոսկվայի տան դիմացի հատվածը: Նրանք պահանջում են նաեւ ցրել Երեւանի ավագանին, որտեղ մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն:

Ոստիկանները հորդորեցին բացել ճանապարհը, քանի որ հսկայական խցանում է առաջանում, սակայն փողոցը չբացվեց:

Զինվորական հագուստով երկու մարդիկ ցուցարարներին խնդրեցին բացել ճանապարհը, որ հասնեն ծառայության, սակայն ակցիայի մասնակիցները չեն բացում փողոցը։

Մի քաղաքացի, ով ներկայացավ Արայիկ Սաղաթելյան, նստեց քաղաքապետարանի դիմաց եւ հայտարարեց, որ հացադուլ է հայտարարում, քանի որ «Տարոն Մարգարյանը քաղաքի համար կատարել է մեծ գործեր, ի՞նչ անենք, որ ՀՀԿ-ական է»: Ավելի ուշ նա հայտարարեց, որ դեռ չի որոշել նստացույց է հայտարարում, թե հացադուլ: Հետո էլ նշեց, թե պահանջում է Զարուհի Փոստանջյանի հրաժարականը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։

«Հավաքի ընթացքում կներկայացվի հայտարարություն-պահանջ Տարոն Մարգարյանի հրաժարականի հիմնավորմամբ։ Նաև գործելու է «Բաց բարձրախոս», որով քաղաքացիները ներկայացնելու են Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ ավագանու գործած ապօրինությունները, ֆինանսական չարաշահումները և մայրաքաղաքում առկա բազմաթիվ չլուծված խնդիրները»:

 

 

Ցույցի մասնակիցներին է միացել ավագանու «Ելք» խմբակցության անդամները՝ Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ:

Ցուցարարների ձեռքին կան պաստառներ հետեւյալ գրառումներով. «Քեզ տանելն անտանելի է Տարոն», «Տարոնի ավագանու դեմն առնենք», «Սերժը հեռացավ, փասա-փուսեն մոռացավ», «Հանրային տրանսպորտ, հանրային կառավարում», «քաղաքը Տարոն է մերժում»:

Նախաձեռնողները նշել են, որ ակցիան ոչ մի կապ չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.