Վիգեն Սարգսյանը հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին

 

Վիգեն Սարգսյանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր է դնելու մասին և զինծառայողներին, վետերաններին ու կուրսանտներին դիմել ուղերձով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում նշված է. «Հարգարժա՛ն գեներալներ, սպանե՛ր, քաղաքացիական հատո՛ւկ ծառայողներ, զինվորնե՛ր, վետերաննե՛ր և կուրսանտնե՛ր,

Ռազմամարզական վարժարանների սանե՛ր,

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծ տոների և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: Խոնարհում և երախտագիտություն մեր բոլոր վետերաններին, հաղթանակների համար թանկ գին վճարած մեր բոլոր հայրենակիցներին:

 

 

Թող մեզ միշտ առաջնորդի հաղթական ոգին և Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու քաղաքացիական սկզբունքը:

Բայց այսօր ձեզ դիմում եմ այլ առիթով: Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը:

Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չ արհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք է պիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը:

Երբ Հայոց բանակի հիմնադրման և Արցախյան հերոսամարտի ակունքներում կանգնած Նախագահ Սերժ Սարգսյանից ստացա պաշտպանության նախարարությունը գլխավորելու առաջարկը, գիտեի, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում` կազմակերպել մեր նվիրական Հայրենիքի պաշտպանությունը, տեր կանգնել Արցախյան հերոսամարտի մեր հաղթանակներին և մեր ժողովրդի անվտանգությանը: Սակայն, չնայած իմ երկարամյա փորձին, չէի էլ կարող կռահել, թե ինչպես կփոխվի իմ ամբողջ կյանքը, որքան կկարևորվի հանրայինը և կերկրորդայնացվի անձնականն իմ այս կարգավիճակում:

Իմ ողջ մասնագիտական կյանքը` շուրջ 23 տարի, ծառայել եմ Հայրենիքիս: Միշտ փորձել եմ ծառայել ազնվորեն և ուժերիս առավելագույն չափով: Բայց իմ նախկին ողջ գործունեության հանրագումարն անգամ չի կարող համեմատվել ձեզ հետ և ձեր կողքին իմ երկրի անվտանգությանը ծառայելու գեթ մեկ օրվա հետ:

Պաշտպանության նախարարի յուրաքանչյուր օրն սկսվում է օպերատիվ հերթապահի զեկույցից: Այս տարիներին ես օրն սկսում էի շատ վաղ` առավոտյան 6:30-ին: Շատերը զարմանում և տարօրինակ մի բան էին տեսնում դրա մեջ, բայց դա մեծ զոհաբերություն չէր: Պարզապես չէի կարող հանգիստ քնել, երբ գիտեի, որ նույն ժամին Մեհրաբից մինչև Մեղրի և Գյումրիից մինչև Ստեփանակերտ իմ տասնյակ հազարավոր երիտասարդ հայրենակիցները վեր են թռչում իրենց զորանոցներում` մեր ընդհանուր գործը կատարելու: Օրս էլ ավարտվում էր շատ ուշ, երբ արթուն էիք միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնողներդ և ձեր հպարտ, աղոթող ծնողները: Այդ ուշ ժամին, մտքում երկրորդելով ձեր ծնողների աղոթքները, զանգահարում էի հերթապահին` իմանալու, թե ինչ վիճակ է առաջնագծում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.