Չի բացառվում, որ խնդրենք ցանկացած պահի շրջափակել բոլոր փողոցները. Փաշինյան (տեսանյութ)

Գրում է  armtimes.com-ը 

Մոսկվայում բնակվող Երվանդ Գեղամյանը ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին հազար հատ վերնաշապիկ է ուղարկել, որի վրա պատկերված է Փաշինյանի նկարը եւ գրված է «դուխով»: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերով տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

«Ինքնաբուխ առաջարկ կա, որ ամսի 8-ին՝ վարչապետի ընտրության օրը, Հանրապետության հրապարակում լինել սպիտակ շապիկներով: Երվանդը, այն առաջարկին արձագանքելով, հազար հատ շապիկ է ուղարկել»,- ասաց Փաշինյանը եւ տեղեկացրեց, որ քաղաքացիների բազմաթիվ նամակներ ստանալուց հետո գնացել եւ «Նաիրի» ԲԿ-ում հետազոտվել է:

«Ամբողջական բժշկական հետազոտություն եմ անցել, որովհետեւ տարբեր օգտատերեր տարբեր ահազանգեր էին անում, որ հազում էի: Պարզվել է, որ ոչ մի առողջական խնդիր չունեմ: Կոկորդս բորբոքված է եւ դա կապված է ձայնիս ծանրաբեռնվածության հետ: Դեղերը կխմեմ եւ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա եւ նշեց, որ բազմաթիվ հարցեր է ստանում՝ արդյո՞ք կա համոզմունք ամսի 8-ի վերաբերյալ:

«Մենք գիտենք, որ քաղաքական հայտարարությունների մակարդակով հայտարարություններ են հնչել, բայց իրականության մակարդակով մինչեւ փաստը չարձանագրվի, չենք կարող վերջնական բան ասել: Տեսանք, որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ կողմ է քվերակելու, բայց նախորդ ընտրության ժամանակ Աղվան Վարդանյանը դեմ եղավ: Նման երեւույթներ կարող են էլի լինել եւ մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել: Այդ պարագայում մենք պետք է եռակի ծավալներով իրականացնենք մեր գործողությունները՝ մեր հաղթանակը վերջնական արձանագրելու համար:

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ տարբեր ուժեր հակահեղափոխություն են պատրաստում, փորձում են ներգրավել տարբեր ընդդիմադիր ուժերի: Մենք այդ տեղեկությունները ստուգում ենք, որպեսզի ձեռքը զարկերակին պահենք: Ես ուզում եմ ասել, որ չի բացառվում, որ մենք ձեզ խնդրենք ցանկացած պահի դուրս գալ հրապարակ կամ շրջափակել բոլոր հնարավոր փողոցները:

Ոչ մեկս իլուզիաներ չպետք է ունենանք, որ կոռումպացված համակարգը հեշտ հանձնվելու է: Դա այդպես չէ, եւ մենք պետք է մեր զգոնությունը պահենք: Չի բացառվում, որ ընդդիմադիր ուժերը ներգրավվեն հակահեղափոխական այս գործընթացներում ինչ-ինչ շահերի համար: Մենք պետք է զգոն լինենք եւ այդ պայմաններում շատ արագ գործենք՝ մեր սկզբունքների շրջանակներում:

Ասում են՝ չեք կասկածում, որ մայիսի  8-ին ինչ-որ բան կարող է այնպես չգնալ: Ես ասում եմ, որ չենք կասկածում, որ մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հաղթելու է: Նրանք, ովքեր կկանգնեն այդ ճանապարհին, նրանց քաղաքական ինքնաոչնչացում է սպասում: Քաղաքացիների 85-90 տոկոսը պաշտպանում է թավշյա հեղափոխությանը, եւ մենք այս քաղաքական իրավիճակը պետք է վերածենք քաղաքական իրողության»,- ասաց նա: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.