Վահրամ Բաղդասարյանը հերքում է...

Երեկ ամբողջ համացանցը ողողված էր ստահոդ ու անբարո ապատեղեկատվությամբ, թե իբր Վահրամ Բաղդասարյանը, ով ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Լոռու մարզից, ինչպես մանրամասնում  politik.am- ը ով վաստակել է Լոռու  և, հատկապես, Վանաձորի բնակիչների վստահության քվեն իր հեղինակության, հարգանքի ու կատարված աշխատանքի շնորհիվ, գործադուլ հայտարարած <<Գլորիա>> կարի ֆաբրիկայի աշխատակցուհիների հասցեին անպարկեշտ է արտահայտվել: Առաջարկում ենք այդ ստոր ապատեղեկատվությունը տարածողներին իրենց մեջ գտնել խորը և հեռու թաքցրած տղամարդկությունը և բարձրաձայնել այդ մասին, այդ դեպքում նրանք մեծահոգաբար կարժանանան ներման, իսկ եթե ոչ, ապա այդ անպարկեշտ արտահայտությունը իրենց, իրենց ընտանիքների և իրենց սատարողների /եթե այդպիսիք կան/ ամենապարզ բնութագիրն է:

Վահրամ Բաղդասարյանը պաշտոնապես հայտարարում է, որ երբևէ ոչ մի պարագայում իրեն թույլ չէր տա նման արտահայտություն անել իր համաքաղաքացիների նկատմամբ, որոնցից շատերն իր ազգականներն են և շատերի աշխատանքի տեղավորման համար ինքն անձամբ է միջնորդել <<Գլորիայի>> ղեկավարությանը կամ,  առհասարակ, իգական սեռի որևէ ներայացուցչի նկատմամբ: Նկատենք նաև, որ որևէ տեղ չէր էլ նշվում, թե որտեղ կամ ինչ պայմաններում ու ում ներկայությամբ է Վահրամ Բաղդասարյանն արել այդ արտահայտությունը, քանի որ դա ընդամենը ցնորված երևակայության հորինվածք է: Մենք սա որակում ենք անբարոյականության ամենացածր, նենգ ու ստոր դրսևորում, չի կարելի, ելնելով քաղաքական իրավիճակից, փորձել ստվերել հարգանք ու սեր վայելող մարդու հեղինակությունը: Ինչ-որ ժամանակավոր նպատակների իրագործման համար չի կարելի մարդկանց միջև սերմանել ատելություն, դա առնվազն անպարկեշտություն է:

Ինչ վերաբերում է հաջորդ ապատեղեկատվությանը, թե իբր ինչ-որ մարդիկ են հավաքվել Վահրամ Բաղդասարյանի Վանաձորի տան մոտ և քարերով կոտրել ապակին, ապա հայտարարում ենք, որ սա 2-րդ ստահոդ լուրն է, որը ևս, հավանաբար, տարածվել է նույն հեղինակների կողմից: Խորհուրդ ենք տալիս հեքիաթագիրներին զբաղվել ավելի լուրջ գործով, փնտրել ավելի լուրջ հիմքեր Վահրամ Բաղդասարյանի անհերքելի հեղինակությունը պախարակելու համար, որը նա, կրկնում ենք, վաստակել է միայն ու միայն վանաձորցիների, լոռեցիների համար արված  իր ազնիվ աշխատանքով, քանի որ նման թյուր ու հիմար հերյուրանքները ոչ միայն ձեզ պատիվ չեն բերում, այլև ի ցույց են դնում ձեր փոքրոգիությունը:

Պահանջում ենք դադարեցնել այս ստոր տեղեկատվական <<արշավը>>, այն, ինչ ձեռք է բերվել բարի գործերով, կառուցվել է սիրո, հարգանքի հիման վրա, նման հիմարություններով չի քանդվի:

Աստված բոլորիս պահապան:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի գրասենյակ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.