Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում է, Ինչպես մանրամասնում է armtimes.com -ը մասնակցելու է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քննարկմանն ու քվեարկությանը: Հարցին, թե ինչպես է պատկերացնում ժամանակավոր կառավարության հետ համաձայնությունը, նա նշեց, որ Փաշինյանի հետ հանդիպել են, քննարկել են այդ հարցը: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ իշխանությունները չեն լսել ոչ մեկի ձայնը՝ ուսանողի, աշխատողի եւ այլն:
Նա հավելեց, որ պորտֆելների հարց չեն քննարկել Փաշինյանի հետ, դա իրենց սազական չէ: Նա պատասխանելով հարցին՝ թե ինչու նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածության քվեարկության ժամանակ չէր եկել խորհրդարան, իսկ հիմա եկել է, ասաց.
«Դրա պատասխանը մեկն է, որ ես այսօր հարգում եմ իմ ժողովրդին, եւ իմ ժողովրդի որոշումն ինձ համար ընդունելի է»:
ՀԺ-ի հարցին՝ ստացվու՞մ է, որ Սերժ Սարգսյանը ժողովրդի կամքին հակառակ է ընտրվել, նա արձագանքեց. «Եթե ժողովրդի կամքին հակառակ չլիներ, այդպիսի բան չէր լինի, չէ՞»:
Հարցին, թե չի վախենում իր բիզնեսների համար, Նիկոլ Փաշինյանը ժամանակին շատ է բարձրաձայնել այդ մասին, նա արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանի ցավը տանեմ, ասել է, ստուգել են, ամբողջ 2015 թվականին ստուգել են մասկաներով, ավտոմատներով ամբողջ հարկային դաշտը, բան չեն գտել»:
Ի դեպ, Ծառուկյանը հայտարարեց, որ իրեն տարբեր քաղաքական առաջարկներ են եղել, փորձել են համոզել, սակայն չի ստացվել:
«Տարբեր կուսակցություններից, պատգամավորներից, կառույցներից աշխարհագրական տարբեր կենտրոններից եղել է առաջարկ՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար, բայց ես հարգել եմ ժողովրդին եւ ժողովրդի որոշումը»: