«Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն խոհեմ կգտնվի և չի տապալի վարչապետի ընտրությունը։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կհավաքի անհրաժեշտ թվով ձայներ վարչապետ ընտրվելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ՄԱՀՀ-ի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ինքը դա ասում է՝ նկատի ունենալով նաև Նիկոլ Փաշինյանի ուշ գիշերին տարածած հայտարարությունը, թե ՀՀԿ-ն հակված է տապալելու այսօրվա քվեարկությունը։
«Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ իշխանությունը կգիտակցի ստեղծված իրավիճակը և չի գնա նման քայլերի։ Ես կարծում եմ, որ անկախ ՀՀԿ խմբակցության որոշումից՝ խմբակցությունից 6-7 պատգամավոր, դեմ գնալով խմբակցության դիրքորոշմանը, կողմ կքվեարկի Փաշինյանին։
Հակառակ դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ, ապա դա ավելի կգրգռի հանրությանը»,- նկատեց քաղաքագետը։
Նշենք, որ այսօր առավոտյան ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարայնը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ խմբակցությունը կարծես հակված է միասնական քվեարկության, և օրվա ընթացքում որոշում կկայացնեն։ Վահրամ Բաղդասարյանը նաև անդրադարձել է իր նախկին հայտարարությանը, երբ ասել է, որ իրենք քվորում կապահովեն, և ՀՀ-ն վարչապետ կունենա։ Նա այսօր նշել է, որ ինքը նկատի է ունեցել միայն քվորում ապահովելը, որպեսզի նիստը չտապալվի, այլ ոչ թե Փաշինյանին կողմ քվեարկելը։
Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետի ընտրությունը տապալվի, Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ չի կարող ասել։ Քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ։