ՀՀԿ-ն ընդդիմություն է «աշխատում». Աշոտյանի երկար հարցը, Փաշինյանի հակիրճ պատասխանը.

Ազգային ժողովում ընթանում է ընդդիմության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության հետ: Ինչպես մանրամասնում է  armtimes.com -ը  Փաշինյանին ՀՀԿ խմբակցության անդամներն ուղղում են հարցեր, որոնց մեծ մասը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

ՀՀԿ-ական պատգամավորները հիմնականում շեշտադրում են այն հարցերը, որոնց վերաբերյալ նախկինում Փաշինյանն ունեցել է այժմյան իր հայտարարություններից տարբերվող կարծիք: Դրանք վերաբերում են հատկապես ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի ունեցած պարտավորություններին:

Մասնավորապես՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը մեջբերեց Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարություններից. «ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է», «ԵԱՏՄ-ն ՀՀ-ին բացի վնասից ոչ մի օգուտ չի բերել», «ԵԼՔ-ն իշխանություններին 10/2 հաղթեց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով», «ԵԱՏՄ անդամակցությունից հետո ՀՀ-ն տարածքներ է կորցրել»:

Փաշինյանի նախկինում արված հայտարարությունները մեջբերելուց հետո Աշոտյանը հարցեր ուղղեց վարչապետի թեկնածուին՝ ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, որ գնահատականները ԵԱՏՄ կործանարար ազդեցությունը տարածքների կորստի վրա այսօր չեն հնչում: Արդյո՞ք մտադիր եք ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը զրոյացնելու ու նոր համաձայնագիր ստորագրելու, հարցրեց Աշոտյանը:

Փաշինյանն արձագանքեց բավականին հակիրճ: «Առաջին հարցին արդեն պատասխանեցի»,- ասաց նա՝ հավանաբար նկատի ունենալով Շարմազանովի հարցերին տված պատասխանը:

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ գաղտնի չէ, որ ինքն անձամբ դեմ է քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ինչը նշանակում է, որ ինքը դեմ է եղել այդ գործընթացին:

Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ լինելով քաղաքական ու պետական գործիչներ պետք է հաշվի նստել իրողությունների եւ փաստերի հետ. «Բայց ես նաեւ ԱԺ-ում դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանն այն պատճառաբանությամբ, որ հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձները շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար»,- ասել է Փաշինյանը: 

«ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումների մասին արդեն հայտարարել եմ, որ պետք է զարգացնենք մեր հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, բայց չանենք դա մեկը մյուսի հաշվին: Պոտենցիալը ճշգրիտ ու ամբողջությամբ չի օգտագործվել, ու մենք կփորձենք անել դա»,- պատասխանեց Փաշինյանը, որին արձագանքեց Աշոտյանը հետեւյալ կերպ. «Ինձ համար համոզիչ չէր»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.