Իր ֆեյսբուքյան էջում՝ ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրել է. «Շնորհավորում եմ մեր մեծ հաղթանակը և կոչ եմ անում միահամուռ քվեարկել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին»:
Սիրելի հայրենակիցներ, աշխարհի 108 երկրների բազմազգ ընտանիքում իր արժանի տեղը զբաղեցնող Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիան շնորհավորում է համայն հայ ժողովրդին՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հզոր շարժման շնորհիվ շուրջ քառորդդարյա անարդար, անվերջ վերարտադրվող ու միահեծան կլանի շղթան ճեղքելու, հաղթական ելքի հասցնելու կապակցությամբ և այդ աննախադեպ ու նշանակալի իրադարձության առթիվ ձեզ եմ փոխանցում նշված 108 երկրների ներկայացուցիչների ջերմ ողջույնները, բարեմաղթանքներն ու քաջալերանքները:
Տարիներ շարունակ տոկոսների տակ կքած մեր ժողովրդին աղքատության, կեղեքումների և ճնշումների մատնած, մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին արտագաղթ պարտադրած, անարդար ընտրությունները մեր վզին փաթաթած և պաշտոնները ամոթալի առուծախի և աճուրդի հանած չար ուժն այլևս պարտված, անզոր ու պատվազուրկ է, և մերօրյա հերոս քաջ
Նիկոլի ու նրա համակիրների հայրենասիրական հորդորով, մեր սուրբ նահատակների արյան կանչով փողոց դուրս եկած և ապրիլյան պատերազմի սերուցք հանդիսացող հազարավոր արժանապատիվ քաղաքացիների դրսևորած կամքի և տոկունության շնորհիվ՝ ռոբերտքոչարյանական, սերժսարգսյանական և հանրապետական կուսակցության շղթայի հիմքերը սասանած հուժկու շարժումը մի նոր էջ բացեց մեր ազատատենչ ժողովրդի համար, և մենք վերստին ձեռք բերեցինք բաղձալի ազատությունն ու անկախությունը:
Մի քանի տասնամյակ շարունակ մեր երկրում գլուխ են բարձրացրել անվերջ բազմացող ու վերարտադրվող կլանի կողմից շրջանառության դրված անօրինականությունները, անարդարությունները, ոտնահարվել են մարդու պատիվը, արժանապատվությունը, անտեսվել են անձի հիմնարար ազատությունները:
Անչափ մտահոգող այս ճչացող փաստերի մասին ես տարիներ շարունակ բարձրաձայնել եմ ամենատարբեր ամբիոններից և այսօր Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիան լիահույս է, որ եկել է այս ամոթալի երևույթներին վերջ տալու ժամանակը և մեր ժողովուրդը պետք է շուտափույթ վերգտնի իր արժանավայել կեցվածքը:
Եվ այսօր, առավել քան երբևէ, հասունացել է մեր ձեռքբերումներին իրավական կարգավիճակ տալու պահը և Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման հաղթանակը վերջնականապես ավարտին հասցնելու և առավել մեծ հաղթանակով այն ամրագրելու ժամանակը:
Ես մեր իմաստուն ժողովրդին կոչ եմ անում կրկին ու կրկին համախմբվել և Մայիսի 1-ին դուրս գալ փողոց՝ խաղաղ, միակամ ու հաղթանակած, իսկ այդ օրը խորհրդարանական բոլոր ուժերին, առանց բացառության, իրենց ձայնը տալ և միահամուռ կողմ քվեարկել մեր հզոր ու հաղթանակած ժողովրդի առաջնորդի և ընտրյալի՝ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:
Այսպիսին է համայն հայության կամքն ու մեծ ցանկությունը, այսպիսին է մեր օրերի թիվ մեկ հրամայականը և հանուն մեր երկրի ու հայ ժողովրդի լինելիության և հարատվության մենք բոլորս պետք է մայիսի 1-ին կատարենք այդ վճռական քայլը:
Հարգանքով և հավատով`
Գրիշա Սարգսյան
Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ, գնդապետ