Սերժ Սարգսյանի գիշերային այցը Ազգային ժողով և ՀՀԿ-ի ծրագրերը. ինչ են որոշել

Armlur.am-ը գրում է. Հանրապետական կուսակցության անդամներն իրենց տեղը չեն գտնում: Երեկ` վաղ առավոտից, իշխող կուսակցության պատգամավորները խորհրդարանում սպասում էին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, որպեսզի վերջինիս հետ քննարկումներ անցկացնեն, հասկանան թե՛ իրենց, թե՛ կուսակցության ճակատագիրը:Սակայն մինչ օրվա վերջ Կարապետյանն այդպես էլ խորհրդարան չեկավ:Դրա փոխարեն, սակայն, հանրապետականները բուռն նիստ են ունեցել եւ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ. խմբակցությունում եւ կուսակցությունում պառակտումն արդեն ակնհայտ է, որի ժամանակ ներկաներին փորձել է հանգստացնել խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:Սկզբում Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի անունից առաջարկել է Կարեն Կարապետյանին վարչապետ առաջադրելու տարբերակը, որը, սակայն, մեծ հակազդեցության է արժանացել: Պատգամավորները դժգոհ են եղել այն հանգամանքից, որ Կարեն Կարապետյանն անում է իր ուզածը եւ հաշվի չի նստում ոչ ոքի, այդ թվում հենց ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, եւ նիստը ընդհատվել է:Այդ դժգոհությունը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չթաքցրեց նաեւ Վահրամ Բաղդասարյանը` ասելով, թե քննարկում չի եղել, սպասում են: Սակայն նրանք այդպես էլ սպասելով մնացին:

Սակայն նիստից հետո հանրապետական պատգամավորների դեմքերից կարելի էր հասկանալ, որ արշալույսները ՀՀԿ-ում այլեւս խաղաղ չեն, եւ չկա այն միասնականությունը, որը փորձում են ցույց տալ:

Այսօր նաեւ կուսակցության գործադիր մարմնի նիստ է սպասվում, եւ շատ հարցեր այդ ժամանակ կքննարկվեն, ընդհուպ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ից հեռացնելու հարցը, սակայն պառակտումն արդեն ակնհայտ է:

Ընդ որում, երեկ տեղի ունեցած խմբակցության նիստը բավական կարճ է տեւել` մոտ 30 րոպե, ինչը բավական տարօրինակ է՝ հաշվի առնելով, թե որքան հարցեր կային քննարկելու:

Հետաքրքիր է նաեւ, որ հանդիպումից հետո պատգամավորները մաս-մաս էին դուրս գալիս սենյակից եւ փախչելով խուսափում էին պատասխանել լրագրողների հարցերին: Անգամ Էդուարդ Շարմազանովը, որ միշտ պատրաստ էր պատասխանել լրագրողների հարցերին, երեկ ակնհայտ անտրամադիր էր:

Մեր տեղեկություններով` նիստի ընթացքում ամենամտահոգ եւ հարցեր բարձրացնող մարդկանցից մեկն էլ հենց նա է եղել: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե քիչ անց խմբակցությունը հայտարարություն կանի, բայց այդպես էլ հայտարարություն չեղավ:

Երեկ հանրապետականները ողջ օրը շատ լարված են եղել. նախկինում ժպտերես, կենսուրախ պատգամավորները նույնիսկ բարեւելու սիրտ չունեին: Սակայն նրանք ոչ միայն անտրամադիր էին, այլ նաեւ մտահոգ:Ուշագրավ է, որ հանրապետական պատգամավորներին հրահանգված էր ամբողջ օրը խորհրդարանում մնալ: «Լարված վիճակ է երկրում, չգիտենք` ինչ կարող է լինել»,-փոխանցեցին հանրապետականները: Բացի այդ, Կարեն Կարապետյանը նրանց խոստացել էր գալ, այդ պատճառով եւս նրանք «գերի» մնացին խորհրդարանում:Բայց այդպես էլ չէր եկել: Ավելի ուշ, երբ պատգամավորներից շատերն արդեն դուրս էին գալիս խորհրդարանից, նրանց է զանգահարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ետ կանչել, քանի որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել էր գիշերով գնալ խորհրդարան եւ հանդիպել նրանց հետ:Գիշերային այցը պատահական չէ. ցանկացել են լրագրողների, աշխատակազմի եւ կողմնակի անձանցից հեռու լինել, եւ հետո՝ ԱԺ տարածքը հանդիպման համար միակ հարմար տեղն է, որտեղ Սերժ Սարգսյանը կարող էր մուտք գործել: Նրանք զգուշացել են Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին զուգահեռ ՀՀԿ շենքում նիստ անել:Ինչեւէ, Սարգսյանի՝ խմբակցության անդամներին հանդիպել կանչելու հայտարարությունում արված շեշտադրումներն էլ բավական հետաքրքիր են. նա նշել է, թե հանդիպման ընթացքում իր պատկերացումները կներկայացնի կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության եւ բարեփոխման կարեւորության, տարբերվող դերակատարմամբ խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

Այսինքն` Սարգսյանն արդեն իսկ իր հայտարարությամբ ակնարկել էր, որ ապագայում ՀՀԿ-ն այժմյանից տարբերվող դերակատարում է ունենալու՝ նկատի ունենալով, որպես ընդդիմադիր ուժ աշխատելու հնարավորությունը:

Այս հանդիպումը եւս բուռն է եղել, հանրապետականներից շատերը դժգոհել են, որ միայն վերջին վայրկյանին են իմացել Սարգսյանի հրաժարականի մասին, սակայն վերջինս փորձել է արդարանալ, թե երկրում ստեղծված իրավիճակն է պատճառ եղել:

Ըստ որոշ տեղեկությունների` նա միայն ասել է, թե չպետք է թույլ տալ Փաշինյանի ձեռքին անցումային շրջանում իշխանություն, բայց դա պետք է արվի հանգիստ, առանց որեւէ բռնության կամ ուժային միջամտության:Սերժ Սարգսյանն իր խոսքում նաեւ շեշտել էր նոր առաջնորդության հարցը, այլ խոսքով ասած` գրեթե պաշտոնապես հաստատել, որ ինքն այլեւս չի ցանկանում լինել կուսակցության ղեկավար: Մեր տեղեկություններով` այսօր տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի նիստ, որից հետո արդեն պաշտոնապես կարվեն բոլոր հայտարարությունները:

Հավելենք, որ պատգամավորներից շատերը մինչեւ ուշ գիշեր խորհրդարանում են մնացել եւ շարունակել քննարկումները: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն առհասարակ վարչապետի թեկնածու չառաջադրի, եւ այդպիսով երկու անգամ տապալելով վարչապետի ընտրությունները` իրավունքի ուժով արձակվի խորհրդարանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.