Հենց Նոր. Վլադիմիր Գասպարյանը ահա թե ինչ հայտարարություն է արել.

Հարգելի համաքաղաքացինե´ր:

Ձեզ եմ դիմում և´ որպես ոստիկանության պետ, և´ որպես քաղաքացի:Չեմ ուզում անդրադառնալ վերջին իրադարձությունների իրավական կողմին. ոստիկանությունը բազմիցս  խոսել է այդ մասին` վստահ լինելով  նաև հասարակության բարձր իրավագիտակցությանն ու քաղաքացիական ընկալունակությանը:
Չեմ ցանկանում նաև գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է և դուրս է քաղաքական զարգացումներից:
Առավել ևս` հստակ գիտակցում ենք, որ խոսքը ոչ թե այս կամ այն կողմի «ճշտի», այլ Ճշմարտության մասին է, որը բացարձակ արժեք է և անքննելի, ինչպես որ անքննելի է ոստիկանության դերը մեր հասարակության կյանքում:
Հիշե´ք. ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը, իսկ Բանակ ու Ոստիկանություն կառուցելու համար մենք ամեն ինչ ենք տվել: 
Մեր համատեղ կառուցածը Պետությունն է: Ոստիկանությունը այդ պետության կայունության, անդորրի, խաղաղության երաշխավորն է: Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության: Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմը քաշելու փորձը մեծացնում է այն ճեղքվածքը, որի մեջ կարող ենք հայտնվել բոլորս:
Հիշե´ք. պետությունը կառուցվում է տասնամյակներով ու հազարավոր կյանքերի գնով և կարող է փլուզվել հաշված ժամերի ընթացքում:

Դա անթույլատրելի է:
Այսպահային ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար մի´ փորձեք տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն: Այդ տրոհումը մահացու վտանգավոր է պետության համար, որի պաշտպանությանն է կոչված ոստիկանությունը:
Որպես զինվորական կոչ եմ անում` զե´րծ մնացեք նաև բանակը տրոհելու փորձերից: Երկատված բանակը միասնական պետության պահապան լինել չի կարող:
Սուտ է, թե նպատակը արդարացնում է միջոցները. պետության պահապանին իր երդմանը, կոչմանը, գործընկերներին դավաճանելու մղելը չի կարող արդարացվել ոչ մի նպատակով: Ինչպես որ ինչ-ինչ գաղափարներին ծառայելը չի կարող փոխարինել ժողովրդին ծառայելու սրբազան գործին: Մենք օրենքին ծառայելով ենք ծառայում ժողովրդին:  Կոչում եմ բոլորիդ նույնպիսի ծառայության, որպեսզի օրենքն էլ ձեզ ծառայի:

Սա´ է ճշմարտությունը:
Ինչպես ճշմարտություն է այն, որ բոլորիս սխալների պատճառով հասել ենք այն աստիճանին, որ կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը:
Նման բան թույլ տալ չի կարելի:
Ուստի դիմում եմ բոլորին:
Սթափվեք, տղե´րք:
Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք: Հիշեք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին:
Հիշեք նաև, որ առանց ոստիկանության չկա´ պետություն, որ ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության: Բայց և համոզված եղեք, որ խաղաղությունն ու բարությունը ոչ թե թուլության, այլ իրական ուժի նշան են:
Դիմում եմ իմ զինակից ոստիկաններին:
Տղե´րք, ես ասել եմ, որ սիրում ու հարգում եմ ձեզ, որ ձեզ հետ կռվելու և ապրելու կգնամ: Ինչպես միշտ վստահ եմ, որ ծառայելով օրենքին` այսուհետ էլ ծառայելու ենք ժողովրդին: 
Կրկին դիմում եմ բոլոր համաքաղաքացիներիս:
Ժողովո´ւրդ, համոզված եմ, որ բոլորիս հաղթանակը կլինի այս ամենի ավարտումը խաղաղությամբ ու բարությամբ, հակառակ դեպքում կպարտվենք բոլորս:
Հավատում եմ մեր մեծ սիրուն և անքննելի իմաստնությանը:
Աստված մեզ պահապան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.a1plus.am