Սկանդալային տեղեկություն. ՈՒՄ Է ԾԱՌԱՅԵԼՈՒ ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԻ «ԶՈՐՔԸ»

Մի քանի օր է լուրեր են շրջանառվում, որ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, նույնպես գործի է դրել իր «բանակը»՝ հօգուտ Սերժ Սարգսյանի իշխանության։

Հիշեցնենք` սրանք այն քաղաքացիական ջոկատներն են, որոնք Մարտի 1-ին ցուցարարներին ծեծողների մեջ էին եւ առհասարակ միշտ իշխանության պաշտպանության դիրքերում են՝ ոստիկանական ուժերի կողքին։ Սրանք այն ընտրակեղծարարների ջոկատներն են, որոնք տասնյակ տարիներ ծառայել են գործող իշխանություններին։ Երկու օր առաջ լուր տարածվեց, որ Էրեբունու թաղապետարանի դիմաց գտնվող գազալցակայանի մոտ, որը պատկանում է Մհեր Սեդրակյանին, 200-300 տղամարդ են հավաքված եղել, որոնք ենթադրաբար պետք է մասնակցեին ցույցերը ճնշելու գործին։ 

hraparak.am -ի տեղեկություններով այսօր մենք մանրամասներ իմացանք այդ «հավաքից»։ Պարզվում է՝ թաղապետարանի եւ Մհեր Սեդրակյանի միջեւ հակասությունները շատ են խորացել։

Այն պահից երբ թաղապետարանը վերցրեցին Սեդրակյանի ձեռքից՝ աշխատանքից ազատելով Թոխմախի Մհերի քրոջ որդուն, ապա երբ ոստիկանությունը դիմակներով ներխուժեց Սեդրակյանի տուն՝ ինչ որ հետախուզվողի փնտրելու պատրվակի տակ, իսկ դրանից ավելի ուշ նրան եւ որդուն չընդգրկեցին Հանրապետականի համամասնական ցուցակում եւ չառաջարկեցին ռեյտինգայինով առաջադրվել, Սեդրակյանը նեղացել-հեռացել է իշխանությունից։ Եւ այլեւս չի ծառայում Հանրապետականին, բայց շարունակում է պահպանել իր «իշխանությունը»՝ գոնե Էրեբունիում «ասողի» կարգավիճակը։

Թեեւ Մհեր Սեդրակյանն էլ առաջվանը չի, անգամ Վստրեչի Ապերը պարզապես հին ընկերության հողի վրա է հետը շփվում ու այլեւս իր «զորքից» չի։

Եւ վերջապես ինչ է տեղի ունեցել այդ օրը․ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը հավաք է կազմակերպել՝ իր «զորքը» մարտական վիճակի բերելով, որ անհրաժեշտության դեպքում գնան ոստիկաններին օգնության, եթե «վերեւից» հրահանգ ստանան։ Մհեր Սեդրակյանն էլ «ալտերնատիվ» զորահավաք է հայտարարել՝ ընդդեմ թաղապետի զորքի, հասկացնելով, որ թաղում «ասողը» դեռ ինքն է եւ իր կողմնակիցներն ավելի մեծաքանակ են, քան թաղապետինը։ Մեր աղբյուրը «հարյուր տոկոսով» վստահեցրեց, որ Թոխմախի զորքը դուրս չի գա ցուցարարների դեմ՝ «հակառակը, եթե պետք լինի ու Նիկոլենք ուժեղանան, կանցնի նրանց կողմը, էնքան վիրավորված ու զզված ա սրանցից»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.