Գալուստ Սահակյան․ «Ժողովրդի ուզածը մենք ենք՝ հանրապետականներն ենք...

Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: Որոշվել է, որ իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն է հենց առաջարկել վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:  Azatutyun.am - ի Տեղեկություններով

արդեն ապրիլի 16-ին վարչապետի պաշտոնում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Նիստը տեղի է ունեցել Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցում, որի ճանապարհը կեսօրից փակ էր:

«Ազատությանը» հաջողվեց նիստի մասին տեղեկություն ճշտել ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանից, ով հարցին, թե ինչո՞ւ նիստը գաղտնի պայմաններում տեղի ունեցավ, արձագանքեց․ ֊ «Գաղտնի պայմաններ չի, դա մեր խնդիրն է, մեր կուսակցության գործունեությունն է: Մենք էդ նիստը կարող էինք մեզ մոտ՝ կուսակցությունում անել, էլի լրագրողներ չլինեին, որովհետև դա մեր նիստն է»:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ որոշեցին Ծաղկաձորում անցկացնել խորհրդի նիստը և գիտեի՞ն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ավտոերթ իրականացնել դեպի Ծաղկաձոր, Սահակյանը արձագանքեց․ ֊ «Այսինքն, Դուք մտածում եք՝ ես նստած մտածում եմ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ պետք է անի: Ես մտածում եմ մեր պետության համար, մեր ազգի համար: Իսկ այդպես ընդդիմադիր կեցվածքով, ժողովրդին անտեղի տեղը ինչ֊որ ձևեր մտածել, որ եսիմ ինչ է անում: Եթե հանկարծ մեր ուզածը չլիներ, ո՞ւմ ուզածը պըտի լիներ: Ժողովուրդը ո՞ւմ է ներկայացրել՝ ժողովրդի ուզածը մենք ենք, հանրապետականներն ենք, որոնք եկել ենք Ազգային ժողովում մեծամասնություն ենք կազմում և մենք էլ որոշում ենք»:

«Ազատության» հարցին, թե՝ փաստորեն մտահոգություն չունեի՞ն, որ ցուցարարները պատրաստվում են իրենց շրջափակել, Սահակյանը պատասխանեց․ ֊ «Ընդհանրապես մտահոգություն չունեմ շրջափակելու մասին, մտահոգությունս էն է, որ մեր ժողովրդին այսպես բերում են, անտեղի տեղը փորձում են համաձայնացնել, որ մարդիկ են եկել, որ միանգամից Հայաստանը պիտի դարձնեն երջանկության ծով: Իմիջիայլոց, քաղաքական որևէ ուժ չկա, որ իր հետևում ողջ ժողովուրդ կանգնած լինի: Նրանք ժողովրդի հետ ընդհանրապես չեն աշխատել, նրանք ընդհանրապես տեղական ընտրություններին չեն մասնակցել: Ի՞նչ է նշանակում՝ 14 օր առաջ գնալ ժողովրդին բարև տալ ու ասել՝ ես եկել եմ, տեսեք ինչ եմ անում ձեզ համար»:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարները նախատեսել էին շրջափակել Երևանում՝ Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակը, որպեսզի խափանեն ՀՀԿ խորհրդի նիստը։ Առավոտյան ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով նիստը տեղի է ունենալու երեկոյան Ծաղկաձորում, ինչի կապակցությամբ ցուցարարները որոշել էին 16:30֊ին դեպի Ծաղկաձոր ավտոերթ անցկացնել։ Սակայն բողոքի ակցիայի դուրս եկած ուժերի ծրագրերը փոխվեցին, երբ հայտնի դարձավ, որ նիստը կայացել է կեսօրին:

Այսօր ավելի ուշ հաղորդագրություն է տարածել իշխող ուժի կոալիցիոն գործընկեր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ տեղեկացնելով, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.