Պաշտոնական ուղիներով մեզ չեն հայտնել «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին. Պեսկով

«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին որոշում Հայաստանը չի կայացրել, Ռուսաստանին այդ մասին չեն հայտնել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սոչիում ընթացող Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ։

«Այդ առումով ինչ-որ որոշումներ, որքան մենք հասկանում ենք, չեն եղել: Պաշտոնական ուղիներով ոչ ոք մեզ չի հասցրել այդ որոշումները»,- ասել է Պեսկովը։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, նա նշել է, որ Մոսկվան ունի քաղաքական կամք դրանց հետագա կառուցման համար, իսկ ներկայիս դժվարությունները կանցնեն։

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը: «Երկրների հարաբերություններում, ինչպես մարդկանց հարաբերություններում, տարբեր փուլեր են լինում: Ամենամոտ հարևանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները սրվում են: Բայց այստեղ պահանջվում է քաղաքական կամք, մեր կողմից դա կա»,- ասել է մամուլի քարտուղարը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.