Երևանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության հայտարարությունը

Երևանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով կուսակցության ներսում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, ներքին պառակտումներին ու հնչող մտքերին:

Խմբակցությունից հայտնել են, որ «Հանրային Ձայն» խմբակցության անդամները չեն մասնակցել որևէ նիստի կամ համագումարի, ինչպես նաև՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ կատարելուն վերաբերող որևէ քննարկման։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

««Հանրային Ձայն» կուսակցությունը, ինչպես նաև «Հանրային Ձայն» խմբակցությունը ձևավորվել են նույն գաղափարը կիսողների համախմբմամբ՝ երկրի և ազգի առաջ ծառացած սպառնալիքներին դիմագրավելու մղումով:

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում խիստ կարևոր ենք համարում մեր հստակ դիրքորոշումը հայտնել և իրենց վստահությունը հայտնած մեր հայրենակիցների համար պարզություն մտցնել ստեղծված իրավիճակում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.

Վերջին զարգացումներն անսպասելի և տհաճ էին բոլորիս համար, սակայն մի կողմ դնելով անձնական ամբիցիաները և հարգելով 22.000 ից ավել երևանցու քվեն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հանրային Ձայն» խմբակցության անդամները չեն մասնակցել որևէ նիստի կամ համագումարի, ինչպես նաև՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ կատարելուն վերաբերող որևէ քննարկման։ Ինչից հետևում է, որ ցանկացած որոշում կայացվել է առանց մեր ազատ կամքի և մոտեցման արտահայտման, ինչը, ոչ միայն անընդունելի է բոլորիս համար, այլև խիստ դատապարտելի:

Որպես գաղափարի նվիրյալներ, մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած կողմնորոշիչներին և պատրաստ ենք մինչև վերջ պայքարել հանուն ժողովրդավարական արժեքների, մարդու ու քաղաքացու իրավունքների պաշտպանության, իրավական պետություն կերտելու:

Մեր խմբակցության համար գերակա շահ է հանդիսանում ազգային գաղափարախոսությունը և արդարության վերականգնումը:

Մենք մշտապես կանգնած ենք պետության, պետականության և հանրային շահի կողքին։

Մեր բարոյական նկարագիրը մեր հաղթանակի գրավականն է:

Մեր ցանկացած քայլ պետք է բխի բացառապես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու հայի համար արդար ու իրավական պետություն կառուցելու տեսանկյունից»:

Նշենք՝ խոսքը կուսակցության հիմնադիր ղեկավարներից մեկի՝ Վարդան Ղուկասյանի կողմից հունվարի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում հրավիրված համագումարիև հունվարի 9-ին տեղի ունեցած «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նիստի մասին է:

Հիշեցնենք՝ հունվարի 11-ի առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարվում նրա անդամությունը կուսակցությանը։

«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն էլ, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Դոգ» մականվամբ, ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, այն կդադարի գոյություն ունենալ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.