Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսում անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարություններին։
«Ես չգիտեմ հայտարարությունների ճշգրտությունը, բայց մենք ունենք հստակ դիրքորոշում տարածաշրջանում, հատկապես Կովկասում իրավիճակի, տարածաշրջանում խաղաղության և կայունության, միջանցքների և տարանցիկ անցումների վերաբերյալ։
Մենք ընդգծում ենք տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը խաղաղության և կայունության, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության, տրանսպորտի և տարանցման համար: Մենք միշտ շեշտել ենք, որ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը չի կարող պատրվակ լինել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և տարբեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման համար»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ասել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխան տարածքով կարող է բացվել 2024 թվականին։