Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։
Քիչ անց կողմերի ներկայացուցիչները կժամանեն այդ հատված։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի երկու զինվորներին ՀՀ համապատասխան ծառայությունները ևս ուղեկցել են Հայաստան-Ադրբեջան սահման:
Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության, գերիների փոխանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։
Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: