Ռուսաստանը Հարավային Կովկասում դիվանագիտական ձախողումից անցնում է կոպիտ սպառնալիքների
Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա վառ և հայանպաստ ելույթից հետո Մոսկվայում հիստերիա էր։ Դաշնային լրատվամիջոցները, ըստ երևույթին, վերևից հրահանգով սկսել են Հայաստանին «խոստանալ» Ուկրաինայի ճակատագիրը՝ Փաշինյանին համեմատելով Զելենսկու հետ։
Մասնավորապես, ադրբեջանամետ ՏԱՍՍ-ը, հղում անելով որոշակի բարձրաստիճան աղբյուրի, որի գոյությունը չափազանց կասկածելի է, գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են փորձում Հայաստանը դարձնել 3-րդ Ուկրաինա, եթե Մոլդովան համարում ենք 2-րդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը թռիչքներ է կատարում Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»։