Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը դադարեցրել է ապստամբությունը, որովհետեւ նրա նյարդերը տեղի են տվել։ Այս միտքը CNN-ի եթերում արտահայտել է ԿՀՎ նախկին տնօրեն և ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Դեյվիդ Պետրեուսը։ «Նա գտնվում էր Մոսկվայի արվարձաններից մոտ երկու ժամ հեռավորության վրա, որտեղ պատրաստվում էին պաշտպանական դիրքեր: Այս ապստամբությունը չունեցավ այն աջակցությունը, որին նա սպասում էր: Նա որոշեց ընդունել գործարքը եւ հրաժարվեց այդ ջանքերից»,- Պետրեուսի խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայնը»։
Պետրեուսը կարծում է, որ Պուտինն այդ պահին կարող էր փախչել մայրաքաղաքից։ «Կարծում եմ, որ կառավարությունը սասանվեց, Պուտինը՝ նույնպես: Դա նրան ավելի խոցելի է դարձնում, քան երբևէ իր կառավարման երկու տասնամյակի ընթացքում: Ո՞վ գիտի, թե ինչի դա կհանգեցնի», – ավելացրել է գեներալը: