Երեւանը պաշտոնապես խոստացավ չձերբակալել Պուտինին

Lragir.am-ը գրում է. Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Հստակ արձանագրվել է, որ սա (ՀՀ ՍԴ՝ ՀՀ սահմանադրությանը Հռոմի ստատուտի համապատասխանության որոշումը․ խմբ) Հայաստանի արձագանքն է Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքերին, մասնավորապես` սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինծառայողների կողմից գործած պատերազմական հանձագործություններին: Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա միջազգային քրեական դատարանում դնել Ադրբեջանի զինծառայողների գործած ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության հարցը: ՍԴ որոշումը որեւէ մեկին որեւէ հարցում մեղավոր չի ճանաչում, որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում», ասել է Արշակյանը:

Անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացման դեպքում Պուտինին ձերբակալելու պարտավորության վերաբերյալ Արմենպրեսի հարցին, Արշակյանն ասել է․ «Դա սխալ ընկալում է, որովհետեւ հենց այսօր մենք ունենք ստորագրված համաձայնագիր այլ երկրի հետ, համաձայն որի Հռոմի կանոնադրությունը մեր երկկողմ հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենալու: Նման կարգավորում կարող է լինել եւ Ռուսաստանի հետ: Բայց սա տարբերակներից ընդամենը մեկն է: Այլ տարբերակներ նույնպես կան: Մի բան ակնհայտ է, որ Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները մենք լսել ենք, եւ կարծում եմ կկարողանանք այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին»:

Լրագիրը բազմիցս անդրադարձել է այն հարցին, որ Նիկոլը միջազգային ատյաններում փորձում է լեգիտիմացնել իր «խաղաղ դարաշրջանը» եւ հանրության ճնշման տակ դիմելով այդ ատյաններին, հայցերը կազմում է այնպես, որպեսզի բացառվեն ինչպես հայկական խնդիրների իրավական ու քաղաքական քննարկումները, դրանք հանգեցնելով «հումանիտարի», այնպես էլ Մոսկվայի ու Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցներն ու պատասխանատվության սահմանումը։ Հանրությանը մոլորեցնելու նպատակով, Նիկոլի ռուսապատկան հենակների եւ «արեւմտամետի» դիմակով սազանդարների կատարմամբ եւ Մոսկվայի ու Բաքվի ներդաշնակ ձայնակցությամբ բեմադրվում են զանազան նողկալի տեսարաններ ու միմոսություններ ՀԱՊԿ-ի, ռուս խաղաղապահների, եվրոպացի դիտորդների, ՄԱԿ ԱԽ-ին դիմելու եւ այլնի շուրջ։

Հռոմի ստատուտի շուրջ աժիոտաժն անկասկած այս շարքից է։ Նախորդ տեսարանները ձանձրացրել են բոլորին, անհրաժեշտ էր «գլոբալ» ակտ, հատկապես Բայդենի հրավիրած գլոբալ համաժողովում Նիկոլի գլոբալ ստորության ֆոնին։ ՌԴ-ն պահեց իր բաժին տեմպը՝ անմիջապես արձագանքեց ՀՀ ՍԴ որոշմանը եւ արգելեց Հայաստանից կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան։

Բայդենի հրավիրած ֆորումին Նիկոլի՝ ռուս էմիսարների բնորոշմամբ «արժանապատիվ կեցվածքի» վերաբերյալ խոր ու համապարփակ լռություն պահող «կանչով արեւմտամետիկները» գտել են քաղաքական պուտանիզմին վայել բացատրությունը՝ «Նիկոլը Ռուսաստանին հաճոյանալով փրկում է իր ընտանիքն ու հայրենիքը»։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.