Պեմզաշենի ոճիրը և բռնությունը՝ եզրահանգումների առիթ. «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերն են «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը և
«Ուղեկից» կենտրոնի հիմնադիր, Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի նախկին պետ, դատական հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանը:
Հիշեցնենք
2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, դպրոցում բնականոն դասապրոցես էր։ Հետո պարզվեց, որ դպրոցի լավագույն երկու աշակերտներ բացակա են, իսկ նրանց մայրը՝ Պեմզաշենի առողջության կենտրոնի աշխատակցուհի Զարինե Մելիքսեթյանը, աշխատանքի չէր եկել։ Հանգամանքներ, որոնք կասկածելի թվացին թե՜ աշխատավայրում, թե՜ դպրոցում։
«Զառա Մելիքսեթյանը, լինելով պարտաճանաչ աշխատող, թեկուզ 10 րոպե ուշացման դեպքում միշտ տեղեկացնում էր։ Ինձ համար շատ արտառոց թվաց։ Դրա համար 3-4 անգամ զանգեցի, չպատասխանեց, հետո հաշվապահի միջոցով զանգ տվեցի աղջկան։ Աղջիկը ևս չպատասխանեց, նորից զանգեցի, չպատասխանեց։ Բուժքրոջը կանչեցի, զանգեց իր ամենամոտ հարևանին»,-պատմում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։
«Երեխաներն առավոտյան չէին ներկայացել առաջին ժամին։ Մեզ մոտ, որպես կանոն, առավոտյան աշակերտների հաշվառումից հետո դասղեկները տեղյակ են պահում, որ այս դասարանում այսքան բացակա ունենք։ Ներկայացվեց նաև այդ երկու աշակերտների բացակայության մասին։ Անհանգստացած՝ փորձեցինք կապ հաստատել ծնողի հետ։ Զանգերը մնացին անպատասխան»,-ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։
«Ժամը 12-ի կողմերը հիվանդանոցից զանգեցին, ասացին գործի չի եկել Զարինեն։ Ես էլ գնացի տեսնեմ, թե որտեղ կլինի՝ տանը, հարևանի տանը կամ մեքենայով տեղ է գնացել։ Դուռը, պատուհանները խփեցի, չբացեցին: Մյուս դուռը ցելոֆանով փակած էր, ճղեցի, դուռը բացվավ, կահույքը հրեցի, ներս մտա։ Ներս մտնելուն պես տեսա, որ բոլորը մահացած էին…»,-պատմում է հարևանուհին՝ Ռուզաննա Ադամյանը։
Քանի որ տան դուռը կողպված էր, հարևանուհին ներս էր մտել ոչ թե հիմնական մուտքով, այլ մեկ այլ դռնով։ Դիակները հայտնաբերելուց հետո գյուղացիները «911» ծառայություն, շտապօգնություն և ոստիկանություն էին զանգել։
Ժամը 12․30-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը Պեմզաշենի 1-ին փողոցի 10-րդ տանը հայտնաբերեց 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա Կարինեի և 8-ամյա Սարգսի դիակները։ Մարմինների վրա կային կտրած-ծակած վնասվածքներ, կապված էին մոր ձեռքերը, իսկ որդու ոտքերն ու ձեռքերը։
Առանձնակի դաժանությամբ կատարված և հասարակական մեծ հնչողություն ստացած հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականով Պեմզաշեն մեկնեցին նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա բաժինների ծառայողներ և դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցներ։
«Հանցագործության բացահայտման նպատակով տեղում կազմվել են օպերատիվ խմբեր, որոնց միջոցով անց են կացվել օպերատիվ հարցումներ համայնքի բոլոր բնակիչների շրջանում։ Միաժամանակ մեր կողմից վերծանվել են դեպքի վայրի մոտակայքում առկա բոլոր տեսանկարահանող սարքերը»,-ասում է ոստիկանության Արթիկի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արտյոմ Մաթիլյանը։
Բացահայտման աշխատանքների ընթացքում քննարկվեցին տեղի ունեցածի մի շարք վարկածներ։ Համադրելով հավաքագրված փաստերը՝ ոստիկանները հանգեցին եզրակացության, որ հանցագործը կամ հանցագործները նույն գյուղից են։
«Շարունակելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ մեր կողմից վեր են հանվել նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, ինչպես նաև հոգեկան շեղումներ ունեցող անձանց տվյալները»,-ասում է Արտյոմ Մաթիլյանը։
Մինչ որոշ ԶԼՄ-ներ հայտնում էին՝ իբր տեղի է ունեցել դիվերսիա և հանցագործները այլ երկրից են, իրավապահների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում արդեն կար կասկածվողների շրջանակ։ Ի դեպ, բացահայտման շուրջօրյա աշխատանքներում ոստիկանության հետ սերտ համագործակցության մեջ էին ինչպես իրավապահ տարբեր կառույցներ, այնպես էլ ողջ համայնքը։
Կասկածյալների շրջանակն աստիճանաբար նեղանում էր, և նոյեմբերի 12-ին Արթիկի Բաղրամյան փողոցում, սպանություններ ու գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց Պեմզաշենի 32-ամյա մի բնակիչ։ «Նրա հետ անցկացված հարցման ընթացքում նկատեցինք ուսի շրջանում թարմ մարմնական վնասվածք, որը նման էր կտրած-ծակած վերքի»,-ասում է Արտյոմ Մաթիլյանը։
32-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնեց, որ վնասվածքը ստացել է իր տանը շինարարական աշխատանքներ կատարելիս՝ լինգով։ Նաև ոստիկաններին ներկայացրեց լինգը։ Տղամարդու վարքը կասկածելի էր, իսկ ուսի թարմ վնասվածքը նման էր ոչ թե լինգի, այլ կտրող-ծակող ինչ-որ առարկայով հասցված վերքի։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ 32-ամյա պեմզաշենցին դեպքից ժամեր անց եղել է Երևանում։
«32-ամյա տղամարդը նախ չընդունեց, որ եղել է Երևանում, որ առնչություն ունի դեպքի հետ, սակայն անհերքելի փաստերի ճնշման տակ, ինչպես նաև բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանեց ամբողջ կատարածը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։
Ըստ պեմզաշենցի 32-ամյա տղամարդու՝ նոյեմբերի 8-ի երեկոյան հանդիպել էր իր ազգական, նույն գյուղի 41-ամյա բնակչին և հայտնել, որ փողի կարիք ունի։ 41-ամյա ազգականն ասել էր, որ ինքը մի տեղ գիտի, որտեղից կարելի է գումար վերցնել։ Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ազգականի «ԲՄՎ»-ով գնացել էին Զարինե Մելիքսեթյանի տան ուղղությամբ, կայանել տնից փոքր-ինչ հեռու։ Սպասել էին որոշ ժամանակ և երկուսով անարգել տուն մտել, քանի որ դուռը բաց էր եղել։
Ըստ նախնական տվյալների՝ միջանցքում նրանց դիմաց դուրս էր եկել Զարինե Մելիքսեթյանը։ 41-ամյա տղամարդը բռունցքով հարվածել էր նրա գլխին, ինչի հետևանքով կինն անգիտակից ընկել էր միջանցքի հատակին։ Դրանից հետո 32-ամյա տղամարդը խոհանոցում դրված պայուսակում գումար էր փնտրել։ Չգտնելով՝ դուրս էր եկել տան բակ, վերցրել հակի թելեր, կրկին մտել ներս և դանակի մի քանի հարված հասցրել Զարինե Մելիքսեթյանին։ Դանակահարելուց հետո ննջարանից դուրս էին եկել երեխաները։ 32-ամյա տղամարդը կապել էր Զարինե Մելիքսեթյանի և նրա 12-ամյա դստեր ձեռքերը, իսկ 8-ամյա որդու ձեռքերն ու ոտքերը։ 32-ամյա տղամարդը դանակահարված և ձեռքերը կապված կնոջը տեղափոխել էր ննջարան:
Կնոջը թողնելով ննջարանի հատակին՝ 32-ամյա տղամարդը վիրավոր մոր աչքի առաջ դանակի 3 հարված էր հասցրել 8-ամյա որդուն, որը տեղում մահացել էր, դանակի ևս մի քանի հարված հասցրել էր ընկած կնոջը, որը նույնպես մահացել էր։
Այս ամենից հետո արձակել էր 12-ամյա աղջկա ձեռքերը, տեղափոխել տան միջանցք և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ։ Այնուհետև հարցրել էր երեխային՝ ճանաչո՞ւմ է իրեն։ Ստանալով դրական պատասխան՝ դանակի երեք հարված էր հասցրել նաև նրան ու սպանել։
Աղջնակի սպանությունից հետո Զարինե Մելիքսեթյանի պարանոցին նկատելով ոսկյա շղթա՝ հափշտակել էր, ապա բանալիով դրսից կողպել տան դուռն ու հեռացել։ Գնացել էր տուն, հանել արնոտված կոշիկները, իսկ հանցագործության գործիք դանակը դրել խոհանոցի դարակներից մեկում։
Ըստ 32-ամյա տղամարդու՝ այդ գործողությունների ընթացքում ընկել էր, ինչի հետևանքով ձեռքին եղած դանակով ուսի շրջանում վնասել էր ինքն իրեն։
«Պարզեցինք, որ դեպքից ժամեր անց 32-ամյա տղամարդը մեկնել է Երևան, որտեղ 32 000 դրամով վաճառել է հափշտակած ոսկյա շղթան։ Այդ գումարի մի մասը մայրաքաղաքում ծախսել էր անձնական զվարճանքի համար, ինչից հետո վերադարձել էր Պեմզաշեն»,-ասում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։
32-ամյա պեմզաշենցու խոստովանությունից հետո ոստիկանները ձերբակալեցին նաև 41-ամյա տղամարդուն։
32-ամյա տղամարդու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են արնանման հետքերով դանակ ու կոշիկներ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
32-ամյա և 41-ամյա տղամարդիկ կալանավորվել են։
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։