«Ուշադիր եղեք, եթե օգտվում եք նշված ծրագրից...». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը շարունակում է զգուշացնել՝ հնարավոր վտանգի մասին։ Ինչպես արդեն հայտնել էր մասնագետը՝ վերջին օրերին տարածվում է մի հավելված, որը թույլ է տալիս մտնել մի ծրագրի մեջ, որտեղ տեսանյութեր նայելու դիմաց գումար են վճարում։ Ընդ որում կրիպտոարժույթով, իսկ համակարգ մուտք անելու համար պետք է նախնական 18 դոլար մտցնել համակարգ։

Նրան հարցրել են, թե արդյո՞ք դա վստահելի է, ինչին ի պատասխան նա նշել է․ «Հավելվածը ինքնին այնպիսին է, որ ստեղծողները չեն կարողացել տեղադրել մարքետները։ Քանի որ բուն ծրագիրը իր բնույթով Տրոյան է։ Այսինքն, լրտեսական վիրուսի նման մի բան։ Ընկնելով հեռախոսի մեջ, ստանում է այլանդակ քանակի թույլտվություններ։ Ու մի օր կարող է չար խաղեր խաղալ ձեր հետ»։

Ավելի ուշ Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ նամակներ է ստացել այն մասին, թե ինքն է կեղծիք տարածում։

«Նախորդ գրառումս անելուց առաջ արդեն գիտեի, որ սենց նամակներ եմ ստանալու։ Քանի որ մարդիկ էդ հավելվածով ռեալ գումար են աշխատում։ Ու հատկապես, գումարը գալիս է, երբ նոր մարդկանց են ներգրավում։ Իսկ երբ մարդ գումար է աշխատում, դրան խանգարողը վատամարդ ա։ Մի հատ ֆինանսական բուրգ կար, կհիշեք, Ալեգրո։ Որ զգուշացրեցի, լիքը մարդ էլի սենց գեղեցիկ բաներ գրեցին։ Քանի որ էդ պահին լիքը փող էին աշխատում։ Դե վերջը շատ ավելի գեղեցիկ եղավ։

Հիմա էս նոր հավելվածով, ինչ կլինի, ոնց կլինի, ես չգիտեմ։ Բայց ինքը մեջը հնարավոր վտանգ պարունակում է։ Ընդհանրապես, եթե ձեզ առաջարկում են հավելվածը ֆայլով քաշել, միշտ տասն անգամ մտածեք։ Վերջում կարող է բան էլ չլինի։ Իսկ կարող է լինի»,-մանրամասնել է նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.