«Ալիևը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն...». Փաշինյան

«Ալիևը ոչ միայն սպառնում, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին.

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով: Կրկնում եմ, ինքնաբերաբար երկարացումով: Սա ըստ էության նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը եւ փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները:

2021թ. նոյեմբերի 26-ի եւ 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարեւոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության եւ կայունության ապահովման գործում: Ավելին, ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում ՌԴ խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը:

Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով եւ այս արձանագրումներն անելուց հետո, առանց Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլեւ ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.