Փաշինյանի արձագանքն Ալիևի ելույթին

«Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությանն ուղղված անհասցե և Հայաստանի Հանրապետությանն ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածություններն ու պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին, փաստում է տրամագծորեն հակառակը։

«Ընդ որում, Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ։ Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։ Ի հեճուկս Սոչիի և Պրահայի հայտարարությունների՝ Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ, խաղաղ բնակչությանն ահաբեկելու ակնհայտ մղումով։

Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն, ինչն արտահայտվում է հետևյալում։ 2020 թվականի դեկտեմբերի Ադրբեջանն ապօրինի կերպով օկուպացրել է ԼՂ Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում։ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022 թվականի մարտին՝ ներխուժելով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը։ Եվ հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռ հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի»։ Փաշինյանի խոսքով՝ այս պնդումն ինքնին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Նաև Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղ անունը։ Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել նաև ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում, ասաց Փաշինյանը։ Զուգահեռաբար փորձ է արվում կառուցողական երևալ և հայտարարվում է, թե ԼՂ հայերն իրենց քաղաքացիներն են և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է։ «Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնական ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և ԼՂ այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 44-օրյա պատերազմի հետևանքով։ Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է։ Այս նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես, Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը ԼՂ։ Այս և նմանատիպ մի շարք գործողություններ ու հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն։ Այս մտադրությունն արտահայտված է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆոմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով՝ հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով։

Սա ըստ էության նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և փարատված չեն ԼՂ հայության անվտանգային բոլոր մտահոգությունները։ 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարևոր ներդրումը դրա տեղակայման գոտում անվտանգության ու կայունության ապահովման գործում։ Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների՝ խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստություն»,- հավելեց Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.