Ռուսաստանը, հավանաբար, կորցրել է իր հիմնական մարտական տանկերի կեսը և օգտագործել է իր ճշգրիտ կառավարվող զենքի մեծ մասը, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը: Նրա խոսքով, Ուկրաինայում ռազմական արշավը մեծ ռազմավարական ձախողում էր Կրեմլի համար։
«Պուտինն անհաջողության է մատնվել, Ռուսաստանը այս պատերազմից դուրս կգա ավելի թույլ, քան մինչ դրա սկսվելը»,- Քալին մեջբերում է CNN-ը։
Պատժամիջոցներն ու արտահանման հսկողությունը շատ կդժվարացնեն ռուսական բանակի վերականգնումը նախապատերազմյան մակարդակի, ասել է Քալը։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի կորուստներն արդեն մի քանի անգամ գերազանցել են Աֆղանստանում ԽՍՀՄ-ի կորուստները։
«Պուտինը գնաց այս պատերազմին, փորձելով ոչնչացնել Ուկրաինան որպես անկախ ինքնիշխան ժողովրդավարական երկիր: Նա ձախողվեց, և դա չի փոխվի: Ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինան կդիմակայի», ասել է Քոլին Քալը:
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը ճնշում չի գործադրում Ուկրաինայի իշխանությունների վրա՝ դրդելու նրանց նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, և որ Ուկրաինան պետք է որոշի, թե երբ և ինչ պայմաններում պատրաստ կլինի սկսել բանակցային գործընթացը։
Քալը կանխատեսում է, որ ձմռան սկիզբը կբարդացնի լայնածավալ հարձակողական գործողությունները, իսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների ինտենսիվությունը պետք է նվազի, ինչը դիվանագիտական կարգավորման հնարավորություններ կստեղծի։
«Ի վերջո, ռուսներն ու ուկրաինացիները պետք է որոշեն, թե դա ինչ բարենպաստ հնարավորություններ է ընձեռում դիվանագիտության համար»,- ասել է պաշտպանության փոխնախարարը։
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ֆոնին Քալը հարկ է համարել նշել, որ երկրի երկու խոշոր կուսակցություններն էլ հանդես են գալիս Ուկրաինային ուժեղ աջակցության օգտին, սակայն այդ աջակցության մեխանիզմները հետագայում կարող են փոխվել։