ԱՄՆ Սենատի ընտրություններում հաջողվել է կանխել Մեհմեթ Օզի ընտրությունը Փենսիլվանիա նահանգից, որը մերժում է Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի նախագահ Էրդողանի դաշնակիցն է։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն՝ նշելով, որ դա հաջողվեց անել հայկական, հունական, հրեական, քրդական և այլ գործընկեր ամերիկյան կառույցների համագործակցության շնորհիվ։
«Այս պատմական հաղթանակով, Ամերիկայի հայ ազգային կոմիտեն պաշտպանեց ԱՄՆ Սենատը, Փենսիլվանիայի ժողովրդին և ամերիկյան ժողովրդավարությունը Հայոց ցեղասպանությունը ժխտողից», – ասել է կառույցի ղեկավար Րաֆֆի Համբարյանը։ Բացի այդ, Կոնգրեսի ընտրություններում պարտություն է կրել նաև Սթիվ Շաբոն, որը Թուրքիայի և Ադրբեջանի շահերին աջակցող խմբի համանախագահն է։
ANCA-ն հաղորդում է նաև, որ Նյու Ջերսիից Կոնգրեսի անդամ է ընտրվել Ռոբերտ Մենենդես կրտսերը, որին աջակցում է հայկական կառույցը։