«Ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»:
Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով 2 տարի առաջ իրականացված պատերազմական հարձակման հետևանքով բռնազավթաված Շուշի քաղաքում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների առաջ:
Փորձելով հոխորտալով ու սպառնալով «բարձր պահել սեփական բանակի մարտական ոգին»՝ Ալիևը, ըստ էության, հաստատել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերն են ագրեսիվ հարձակում գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ ասելով.
«Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։
Այսօր այս ռազմավարական բարձունքներից մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը։ Մենք Սև լճի ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- հավելել է Ալիևը՝ կոչ անելով հետևություններ անել:
Ըստ Բաքվի բռնապետի՝ Հայաստանը վախենալու և մտածելու բան ունի, քանի որ 2023 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը ռեկորդային կլինեն։
«Կարող եք հարցնել՝ ինչո՞ւ՝ դե պատերազմն ավարտվեց, երկու տարի է անցել։ Պատասխանը շատ պարզ է. Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, հայտնվում են ուժեր ու շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի ելքի հետ»,- հավելել է Ալիևը։