ՌԴ-ն մեծ սմուտայի շեմին․ Կրեմլը պատրաստվում է քաղաքացիական պատերազմի

Lragir.am-ը գրում է. Պատերազմ Ուկրաինայում, պատժամիջոցներ․ Ռուսաստանի առնչությամբ այս ամենաշատ գործածվող բառակապակցություններին ավելանում է նորը՝ քաղաքացիական պատերազմ․ ուկրաինական ճակատներում տապալումներն ու ներքին քաղաքական, տնտեսական ու հոգեբանական անկումը հնարավոր են դարձնում նման ելքը, ընդ որում՝ անկախ Ուկրաինայում հանգուցալուծումից

Կրեմլի քայլերը հիշեցնում են քաղաքացիական պատերազմի, ավելի ճիշտ կլինի ասել՝ միջկլանային բախումների նախապատրաստություն։ Մի կողմից, դա արտահայտվում է ներքին խստացումների ու սահմանափակումների, ինչպես նաեւ մարգինալ, բացահայտ ֆաշիստական գաղափարների պաշտոնականացման տեսքով։ Բացահայտ կոչեր են հնչում բիզնեսի ու սեփականության վերաբաժանման, «պետության պատերազմական կարիքներին» ծառայեցնելու մասին։

Մյուս կողմից, քաղաքացիական պատերազմին պատրաստության «նախադրյալ» է դիտվում այն, որ ձեւավորվում են ռազմականացված, պետության վերահսկողությունից ֆորմալ առումով դուրս միավորումներ։

Համաշխարհային մամուլը եւ փորձագետները, ինչպես նաեւ հետախուզություններն ուշադրություն են հրավիրում Պուտինի «խոհարար», Վագներ մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Պրիգոժինի եւ Չեչնիայի ղեկավար Կադիրովի ազդեցության մեծացմանը։ Երկուսն էլ տիրապետում են լիարժեք բանակների, ընդ որում՝ ՌԴ ՊՆ ազդեցությունից դուրս։ Երկուսն էլ դաժան քննադատության են ենթարկում բանակի ղեկավարությանն Ուկրաինայում տապալումների համար։

Պրիգոժինն, իր հերթին, ստեղծել է տեղեկատվական բավական լայն ցանց, իր շուրջ հավաքելով բանակի գործողություններից դժգոհ «ռազմահայրենասիրական» շրջանակներին։ Օրերս տեղեկություն հրապարակվեց, ըստ որի՝ նա պատրաստվում է ՌԴ մի քանի շրջաններում հիմնել ՌԴ ՊՆ-ից անկախ «աշխարհազորայինների վերապատրաստման կենտրոններ» տեղի բնակիչներից, իսկ տեղական բիզնեսի վրա դրվում է ֆինանսավորման խնդիրը։

Խորանում են հակասությունները ուժային կառույցների՝ բանակի եւ ՖՍԲ-ի միջեւ, ավելին՝ հակասություններ կան հենց բանակի ներսում եւ հետախուզության տարբեր ծառայությունների միջեւ։ Բանակը փորձ է արվում դարձնել քավության նոխազ, ինչը գեներալիտետին կարող է դրդել ինչ-ինչ քայլերի, հատկապես մի շարք գեներալների հանդեպ հաշվեհարդարից հետո։

Փորձագետներն ուշադրություն են հրավիրում Պուտինի՝ մոբիլիզացիայի վերաբերյալ հրամանագրում փոփոխության վրա։ Ըստ այդ փոփոխության, թույլատրվում է զորակոչել ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին։ Մեկնաբանները կարծում են, որ «մարդասպանների գումարտակները» Կրեմլի մտահղացմամբ կարող են հակակշռել Կադիրովի ու Պրիգոժինի զինյալներին եւ ենթադրվում են որպես Ռուսաստանում ապագա միջկլանային եւ ազգամիջյան բախումների գործուն մասնակից։

Մեկ այլ «խավ» էլ կա՝ տասնյակ հազարավոր զինված մարդիկ, որոնք վերադառնալու են Ուկրաինայից, եւ նրանց պարագային «աֆղանական սինդրոմը» կարող է անմեղ մի բան լինել։ Գումարած՝ ՌԴ էթնիկ խնդիրները, որոնք արդեն իսկ ակտուալացել են ուկրաինական պատերազմի իրողությունների ֆոնին։

Պուտինի՝ «հակակշիռներ» ձեւավորելու փորձերը կարող են լիովին հակառակ արդյունքների հասցնել, կարծում են փորձագետները։ Ռուսաստանի ներկայիս վիճակը համեմատվում է 1916-18 թվականների հետ՝ «սմուտայի» երկարատեւ շրջանով՝ իշխանության ու սեփականության վերաբաժանման դաժան պայքարով։

Ռուսաստանը դադարում է դասական առումով պետություն լինելուց՝ զուգահեռ կառույցների, տնտեսական «գորշ գոտիների» ու մարգինալ «գաղափարաբանության» ազդեցության աճը դրա վկայությունն է եւ վճռելու է ապագա զարգացումների ուղղվածությունը՝ երկրի տրոհման հեռանկարով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.