Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չեն Սուբը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի կողմից ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ ցանկացած միջուկային հարձակում կհանգեցնի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ռեժիմի կործանմանը։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ անվտանգության հարցերով խորհրդատվական հանդիպման արդյունքներով, գրում է Կոմերսանտը։
«Պաշտպանության քարտուղար Օսթինը և ես հաստատեցինք, որ ԿԺԴՀ-ի կողմից ցանկացած միջուկային հարձակում, ներառյալ մարտավարական միջուկային զենքի կիրառումը, անընդունելի է և կհանգեցնի Կիմ Չեն Ընի ռեժիմի տապալմանը ճնշող և վճռական պատասխանով»,- ասել է Հարավային Կորեայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը։ Իր հերթին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան որոշել են շարունակել Vigilant Storm համատեղ զորավարժությունները։
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, Հյուսիսային Կորեան երեք հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Մեկ օր առաջ Հյուսիսային Կորեան առնվազն 17 հրթիռ է արձակել դեպի Ճապոնական և Դեղին ծովեր։ Արձակված հրթիռներից մեկն առաջին անգամ հատել է Հարավային Կորեայի ծովային սահմանը և վայրէջք կատարել բաժանարար գծից հարավ՝ Ճապոնական ծովում։ Հրթիռի արձակումը տեղի է ունեցել վերջին հինգ տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի խոշորագույն համատեղ զորավարժությունների ֆոնին: