Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման կոչով բանաձև:
Սենատի կայքում հրապարակված բանաձևի նախագծով նախատեսվում է, որ օրենսդիր մարմինը դատապարտելու է օգոստոսի սկզբին Լաչինի միջանցքում և սեպտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի արևելյան շրջաններում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիաները։
Կոչ է արվելու Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, ապագայում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։
Ֆրանսիայի Սենատը կոչ է անելու անհապաղ ազատ արձակել և վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին։ Սենատը կառավարության առաջարկում է նաև քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։