Lragir.am-ը գրում է. Պատերազմը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու Արևմուտքում հնչեցված գաղափարները քողարկված առաջարկ են Ուկրաինային՝ ընդունել Մոսկվայի վերջնագիրը և հանձնվել։ Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդը երբեք չեն համաձայնի Ռուսաստանի վերջնագրի հետ, որը Մոսկվան փորձում է քողարկել՝ առաջարկելով պատերազմի «դիվանագիտական կարգավորում»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ մերժելով Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու առաջարկը։
Twitter սոցիալական ցանցի իր էջում նա հայտարարել է, որ պատերազմի դիվանագիտական կարգավորման հնչող գաղափարները քողարկված առաջարկ են Ուկրաինային՝ ընդունել Մոսկվայի վերջնագիրը և հանձնվել՝ ճանաչելով պարտությունն ու գրավյալ տարածքների կորուստը։ «Ուկրաինացի ժողովուրդը երբեք չի համաձայնի դրան: Ուստի խնդրում եմ, դադարեցրեք Ուկրաինային դիվանագիտության անվան տակ քողարկված կապիտուլյացիա առաջարկելը», ընդգծել է նա:
Արեւմուտքում Ռուսաստանի պայմաններով հրադադարի կողմնակիցները բավական շատ են եւ ազդեցիկ։ Ուկրաինայի իշխանություններն ամեն անգամ կոշտ հակադարձում են նման առաջարկներին, մերժելով կապիտուլյացիան եւ հղում անելով ուկրաինացի ժողովրդի կամքին։ Ըստ հարցումների, ուկրաինացիների 90 եւ ավելի տոկոսը դեմ է կապիտուլյացիայի ցանկացած դրսեւորման ու փաթեթավորման։
Բացի այդ, Ուկրաինան օրենք է ընդունել, որով ամրագրել է Ռուսաստանի հետ բանակցությունների իր պայմանները։ Ընդ որում, նաեւ արձանագրվել է, որ Պուտինի հետ որեւէ բանակցություն չի վարվելու։
Պաշտոնական Երեւանը ներկայացնող Փաշինյանն ընդունում է զիջումների եւ կապիտուլյացիայի առաջարկները, նույնպես հղում անելով «ժողովրդի տված մանդատին», Ալիեւի ու Պուտինի հանձնակատարի ողորմելի կեցվածքով։ Իրականում, այդ «մանդատը» նա ստացել է թշնամական սխեմաների ու հայ հանրությանը մոլորեցնելու ու ապակողմնորոշելու արդյունքում։ Սակայն նույնիսկ այդ դեպքում Փաշինյանը չունի ժողովրդի անունից խոսելու իրավունք, քանի որ նրա կուսակցության օգտին քվեարկել է ընտրության իրավունք ունեցողների ընդամենը 25 տոկոսը։ Եվ դեռ հարց է՝ արդյոք այդ 25 տոկոսն էլ նրան ձայն է տվել Հայաստանի դեմ թշնամական ծրագրերը սպասարկելու եւ կապիտուլյացիայի համար։