Սոչիում տեղի ունեցած հանդիպման փաստը, և թե ինչքան այն տևեց, ինչպես էր ընթանում դրա նախապատրաստությունը, վկայում են, որ առարկայական բանակցություններ են տեղի ունեցել կարգավորման բոլոր հարցերի շուրջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը: – «1լnւրեր»
«Ինչպես ասաց մեր նախագահը, դեռ ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել համաձայնության հասնել, բայց շատ կարևոր է, որ այդ քննարկումը կայացավ։ Շատ կարևոր է, որ կողմերն իսկապես ցուցաբերեցին պատրաստակամություն՝ առաջ շարժվելու կարգավորման գործընթացում»,- ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Այն, որ հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանում, ըստ դեսպանի, վկայում է, որ ՌԴ-ն, չնայած այլ տարածաշրջաններում ակտիվ ներգրավվածությանը, մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին և չի թուլացնում իր ջանքերը կարգավորման գործընթացում:
Կոպիրկինն ընդգծել է այն հանգամանքը, որ Վլադիմիր Պուտինը հավատարմություն է հայտնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին: Դեսպանի խոսքով՝ դա կարևոր ազդակ է ինչպես հայ հասարակության, այնպես էլ տարածաշրջանի և այնտեղից դուրս այլ երկրների համար:
Անդրադառնալով Արցախի հարցին՝ Կոպիրկինը նշել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին, երբ ստեղծված կլինեն պայմաններ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար և թույլ կտան արդարացի լուծել այդ հարցը»: Ռուս դիվանագետն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, նշել՝ ռուսական սկզբունքը այն երկրի ինքնիշխանության հարգումն է, որով անցնելու են հաղորդակցությունները: