Ռուսական մամուլում ոչ մի օր չհանդարտվող հակահայ` շվայտանքը

Lragir.am-ը գրում է. Ռուսական մամուլում ոչ մի օր չհանդարտվող հակահայ շվայտանքը փայլել է նոր երանգներով։ Ռուս զլմ-ների երկնակամարում աստղ ու աստղիկ են ծագել: Ճիշտ է, աստղը հազիվ է գլուխ հանում հայկական գործերից, աստղիկն էլ առանձնապես մի բան չէ, բայց կարևոր է այն ուղերձը, որ ռուսական պետությունը որոշել է հայ ժողովրդին փոխանցել ճանաչելի առոգանությամբ բարբառող այս բավականին էկզոտիկ ալիքով: Խոսքը նախկին «Էխո Մոսկվի»-ի մասին է, որ այժմ «ի սփյուռս է աշխարհի»: Նշենք, որ 44-օրյայի ընթացքին այս կայանը, իրենց հրեա ծագումը իբրեւ ցուցանակ պահած մասնակիցների ուժերով, լայն հակահայ արշավ էր ծավալել «ազատագրենք օկուպացված տարածքները» նշանաբանով

Ի՞նչ է այժմ խորհուրդ տալիս հայերին, ինչպես եւ ակնկալվում էր, հիմնականում Իսրայելի պետությունում իջեւանած լիբերալ ռադիոբոմոնդը։ Եթե կարճ ասենք՝ պառկել դագաղի մեջ և աղոթել: Մենք սա լսել ենք բազմիցս, բայց Կրեմլի թիվ 18 հանգստյան սաղմոսը, որ վերածված է հրեական տերողորմյայի, այն էլ «յան» վերջավորությամբ մարդու ձայնակցությամբ, արժանի է ունկնդրության [44 րոպեից] և համառոտ ամփոփման։

Ամբողջովին ձուլվելով թիֆլիսցի վարձու սգավորի կերպարին, ալիքի հաղորդավարուհի Իրան մնում է միայն մազերը փետի․- Արկադի, իսկապե՞ս սա վերջն է, ես օրերս Հայաստանում էի և սարսափած եմ, շուրջբոլորը թշնամիներ են [օդում շրջան է գծում], եթե նաեւ Ռուսաստանն է, հնարավոր է, թշնամի՝ ինչ է ստացվում։ Ինչի՞ վրա են նրանք [հայերը] հույս դնում, ինչո՞ւ շտապ չեն կապիտուլյացվում, եթե արդեն հանձնել են Արցախը, իսկապե՞ս հույս կա արդյոք եվրոպացիներից։ Չէ որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ պետք է դա անեն։

18․10․22-ի եթեր․ Իրինա Բաբլոյան եւ Արկադի Դուբնով

 

Էջմիածնում վերջերս բացված պարտիական-տերտերական «պոկեր»-ի նարատիվներին նույնական՝ փրկարար կապիտուլյացիայի մասին մոսկովյան մեթոդական երանգն է հնչում։

Ինչ է պատասխանում հյուր Արկադի՞ն։ «Հայաստանին իսկապես անհնար է դուրս բերել իր պատմական հակառակորդների շրջանակից։ Անհնար է ամբողջությամբ զրոյացնել տվյալ հանգամանքը։ Եվրոպան շատ բանի ընդունակ չէ, Ռուսաստանն այս իրավիճակում դեռ դոմինանտ է մնում»։ Այնպես որ, այո, դստրիկս, մորուքս վկա, հայի վերջը եկել է, բայց վերջ էլ կա, վերջ էլ։

Արկադին խորհուրդ է տալիս ստուդիայի «յանով» տիրուհուն ավելորդ չսրել մթնոլորտը։ Նույն խորհուրդը փորձագետ կոչվածն իր հայ ունկնդիրների գլխավերեւով ուղարկում ինչ-որ անանուն «նրանց», ակնհայտորեն նկատի ունենալով Բաքվի և Անգորայի գործընկերներին:

Ո՞րն է ուրեմն Էխո ալիքի հյուրի նոու-հաուն: Ոգեւորված «յանով» աղջկա լավ մշակած երգեցողությունից՝ փորձագետը ցատկում է աթոռին։ Պարզվում է, որ հարկ է նախապատրաստել հայ հասարակությանը, բացատրել նրան, որ կապիտուլյացիան «լավագույն ելքն է բոլոր վատերից, մնացածն ավելի վատն են»։ Հայ հասարակությանը խորհուրդ է տրվում հաշտվել անխուսափելի վախճանի հեռանկարի հետ։ Հասարակությունը, արի ու տես, «իր պատմական դրաման վերապրելու հյուծիչ տվայտանքների մեջ է», և այս իրավիճակում խոնարհությունն է միակ ելքը: Հայերին՝ խոնարհություն։

Իսկ որն է «շրջապատի մնացածներին» ուղղված պատգամի էությունը: Համբերությունն է: Համբերատար եղեք, «հայերին մի քաշեք շատ զգայուն տեղերից, մի շտապեք», հանգստացրեք նրանց, իսկ հուղարկավորության հարցերում ապավինեք վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ամբողջական մեջբերում. «Փաշինյանն արդեն բավականին փորձառու քաղաքական գործիչ է և անսպասելիորեն երկար ժամանակ է, ինչ պահում է իր իշխանությունը։ Սա հստակ ցույց է տալիս, որ նա հիրավի  կարկառուն քաղաքական գործիչ է, և տա Աստված իր գործը հասցնի … հասցնի [հարմար բառը չի գտնում], գլուխ բերի»։ «Հայաստանը, իհարկե, անիծելու է նրան, բայց պատմության ընթացքը չի կարելի շրջել»։

Այլ խոսքով, հայերին պետք է հնարավորություն տալ հանգիստ, բերանին մի խուրձ համեմ, փչել շունչը, գլխավորը՝ նրանց թույլ չտալ վերախմբավորվել ու սպառնալ շրջապատողների շահերին։ Մանրամասները Սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.