Նախագիծը ներառված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ հայտարարել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2022 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին: 2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2023 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023 թվականի փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ: