Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու մեջ՝ որպես Կովկասում իրավիճակն ապակայունացնելու ջանքերի մաս։ Այս մասին Մակրոնն ասել է Ֆրանս 2 հեռուստաընկերությանը, հայտնում է Ռոյթերսը։
«Ի՞նչ էր տեղի ունենում սահմանին վերջին երկու տարիներին։ 5000 ռուս զինվորականներ ենթադրաբար այնտեղ են սահմանը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործել են այս հակամարտությունը, որը դարերի պատմություն ունի ու Ադրբեջանի խաղն են խաղացել Թուրքիայի հետ Հայաստանին թուլացնելու համար», ասել է Մակրոնը։
«Տեսնում եք ինչ է կատարվում։ Ռուսաստանը ջանք է գործադրում ապակայունացնելու։ Նա ցանկանում է խառնակ վիճակ ստեղծել Կովկասում և ապակայունացնել բոլորիս», ասել է Ֆրանսիայի նախագահը։
«Հայաստանը երկիր է, որի հետ հատուկ կապեր ունենք․․․ Ադրբեջանը մի քանի հարձակումներ ձեռնարկեց սահմանին։ Մենք դատապարտել ենք դրանք։ Մենք միայնակ չենք թողների հայերին», ասել է Մակրոնը։
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-14-ին «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին Ռուսաստանի անկարողությունը՝ հանդես գալ որպես իրավարար, ինչին նա բացառիկության կարգով հավակնում էր 2020 թվականի պատերազմից հետո»։ Սա փաստացի միջազգային հանրության կողմից առաջին մեղադրանքն էր Ռուսաստանին՝ Հայաստանի դեմ ագրեսիան առաջնորդելու համար։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արդեն ուղիղ մեղադրանք է ներկայացնում Ռուսաստանին, ըստ որի՝ ՌԴ-ն Հայաստանի դեմ ագրեսիայի առաջնորդողն ու իրագործողն է։
Կարդացեք նաեւ Հայաստանի հարցով միջազգային առաջին ուղիղ մեղադրանքը Ռուսաստանին․ հաջորդ քայլը