Ալիևը Նախիջևանից կրակում է Մոսկվայի ուղղությամբ…

 

1in.am-ը գրում է. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ երեկ` օրվա ընթացքում, և անցած գիշեր նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ ՀՀ ՊՆ կոչ է արել ադրբեջանական զինված ուժերին` զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացրել, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա:

Երեկվա միջադեպը տեղավորվում է Բաքվի հետևողական քաղաքականության համատեքստում, երբ հոգեմաշ պատերազմի միջոցով փորձ է արվում` մի կողմից, նախապատրաստվել ավելի լայնածավալ ռազմական գործողությունների, մյուս կողմից` ստուգել հայկական կողմի զգոնությունը և շոշափել միջազգային տրամադրությունները:

Ուշագրավ է, որ երեկ հրադադարը խախտվել է ոչ թե ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում, այլ` ըստ էության, ոտնձգություն է եղել Հայաստանի հանդեպ:

Պարզունակ կլինի տեղի ունեցածը բացատրել Ադրբեջանում մի քանի օր հետո տեղի ունենալիք նախագահական ընտրություններով. դրանք, մեծ հաշվով, ընթանում են կանխատեսելի սցենարով և, այսպես կոչված, ֆորս-մաժորային իրավիճակներ չեն կանխատեսվում:

Ժամանակն է, որպեսզի մի կողմ թողնենք շաբլոն գնահատականներն ու սխեմատիկ մտածողությունը ու հասկանանք, որ Իլհամ Ալիևի` մոտ երկու ամիս առաջ հնչեցրած հայտարարությունը «Երևանի և Զանգեզուրի պատմական տարածքները» վերադարձնելու մասին` ոչ թե նախընտրական PR էր կամ` քաղաքական կոնյուկտուրայի հետևանք, այլ` Բաքվի կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականության դրսևորում: Պատահական չէ, որ երեկ հրադադարը խախտվել է հենց Նախիջևանի կողմից, այլ խոսքով` Ալիևը հասկացնում է, որ Երևանը կարող է դառնալ իր ագրեսիվ քաղաքականության թիրախ:

Մյուս կողմից` հետաքրքիր է տարածաշրջանային այն կոնյուկտուրան, որում տեղի է ունեցել երեկվա միջադեպը: Այն հաջորդել է Էրդողան-Պուտին հերթական հանդիպմանը, որի` եթե ոչ հիմնական օրակարգում, ապա տողատակում, անշուշտ, քննարկվել է ԼՂ հարցը: Գաղտնիք չէ, որ Ալիևը Էրդողանի միջոցով փորձում է Պուտինից ստանալ պատերազմի «իրավունքը»: Անցած տարի Պուտինը դիվանագիտական ձևակերպումներով, ըստ էության, մերժել էր Անկարայի և Բաքվի խնդրանքը:

Հիմա Ալիևն, ըստ էության, փորձարկում է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման, այսպես կոչված, էֆեկտը: Հենց այդ նպատակով հրադադարի ռեժիմը խախտվել է ոչ թե ղարաբա-ադրբեջանական շփման գծում, այլ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանին: Ալիևին հետաքրքրում է ոչ այնքան Հայաստանի, որքան` նրա ֆորմալ դաշնակից Ռուսաստանի արձագանքը: Այս վարքագիծն Ալիևի ոչ թե նախընտրական, այլ` հետընտրական քաղաքականության կարևոր այցեքարտերից մեկն է լինելու:

Տաք գլխով որոշումներ կայացնել, անշուշտ, չի կարելի, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի պաշտպանական քաղաքականությունն որոշակի խմբագրումների անհրաժեշտություն ունի` Բաքվի մարտավարության ամբողջացման ֆոնին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am