Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակին նվիրված 20 մետրանոց խաչ է կանգնեցվել:Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին: 2002 թվականից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, ապա 2013 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։
Զբաղվել է կարատեով և ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաև մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով:Ադամ Սահակյանը 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել էր բանակ և ծառայում էր Արցախի Հանրապետությունում: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։Նա սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի էր ունեցել հարձակումը։
Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնել էին շրջանաձև պաշտպանության։
Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։
Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։
Ադամ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալներով:
Այսօր Երևանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակը կրում է հերոս Ադամ Սահակյանի անունը:
Նորաշեն համայնքի տարածքում օրհնվեց ապրիլյան պատերազմի հերոսներից Ադամ Սահակյանի հիշատակին նվիրված 20 մետրանոց խաչը։ Բացման արարողությանը մասնակցում էր Ադամի հայրը, մայրն ու եղբայրը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ newstime.am