Կապանում Իրանի հյուպատոսության բացումը նպատակ ունի նոր խթան հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին իրանական Icana լրատվական գործակալությանն ասել է Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տրանզիտային ճանապարհը, իրականացվել է երկու երկրի միջև՝ մասնավորապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ու ամրապնդելու նպատակով։ Իրանի հյուպատոսն արդեն սկսել է գործունեությունը Կապանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Կապանում հյուպատոսության հիմնմամբ «ականատեսն ենք լինելու Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»։