Lragir.am-ը գրում է. Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, ով օրերս ցամաքային ճանապարհով Ռուսաստանից վերադարձել է Հայաստան, ասում է, որ ՌԴ-ից վերադարձող երկքաղաքացի հայ տղամարդկանց ռուս սահմանապահները չեն թողնում հատել սահմանը։ «Իմ տպավորությունն այն է, որ ռուսական կողմը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ առաջին հերթին զորակոչեն ազգությամբ ոչ ռուսներին։ Ես ականատես եղա, որ հայկական ավտոբուսում գտնվող երկքաղաքացի տղամարդկանց սահմանակետում թույլ չտվեցին լքել Ռուսաստանի տարածքը։ Նրանցից 10-ից 9-ի դեպքում կիրառվեց հետևյալ սկզբունքը, որ չպետք է լքեն ՌԴ տարածքը։ Այնտեղ նաև այդ քաղաքացիներին վախեցնում էին, թե՝ հիմա կկանչենք զինկոմիսարիատի մեքենան, որ ձեզ զորակոչեն բանակ։ Եվ, չգիտես ինչու, նույն տարիքային խմբում գտնվող և սահմանը հատող ՌԴ ռուս քաղաքացիների դեպքում նման սահմանափակում չէր դրվում։ Կարծես Վլադիմիր Պուտինը վախենում է, որ ներսում կարող է բողոքի ալիք բարձրանալ, այդ պատճառով ազգությամբ ռուսներին հեշտությամբ թողնում էին լքել ՌԴ տարածքը»,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Մկրտչյանը։
Ըստ նրա՝ ՌԴ-ում ապրող հայերի շրջանում տեսակետները տարբեր են, բայց Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը մեծ է։ «Մարդիկ կան, ովքեր գնացել են Ռուսաստան՝ բիզնեսով զբաղվելու, հանուն փողի պատրաստ են ուրանալ բոլորին անխտիր, անգամ հայրենիքը։ Եվ կան մարդիկ, ովքեր լավ օրից չեն հայտնվել ՌԴ-ում և այս իրավիճակում նրանք երազում են մի բանի մասին՝ եթե գնալ պատերազմ և զոհվել, ապա զոհվել հանուն հայրենիքի։ Այսպիսի տեսակետներ շատ կային։ Ցավոք սրտի, այսօր հեշտ չէ ՌԴ սահմանները հատել։ Ես նրանց կհորդորեմ, որպեսզի բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով խուսափեն ռուսական բանակ զորակոչվելուց», նշեց նա։
Հարություն Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի պատշաճ կազմակերպվի ազգությամբ հայերի վերադարձը, ովքեր հայտ են ներկայացնում վերադառնալ Հայաստան։ «Ինչո՞ւ եմ դիում դեսպանատանն ու հյուպատոսական ծառայություններին, որովհետև ինքս ականատես եմ եղել, թե ինչ զանգվածային ամենաթողություն էր Վլադիկավկազում։ Ոստիկանությանը զուգահեռ ինչ-որ հանցավոր խմբավորումներ ուղղակի գումար էին աշխատում։ Պետական մակարդակով գումար էին աշխատում, և սա պուտինյան Ռուսաստանի դեմքն է։ Համատարած ամենաթողություն էր, մեքենաները կանգնեցնում էին, հատուկ կայանատեղիներ էին ուղեկցում, այնտեղ պահում՝ անկախ նրանից՝ ՀՀ, թե ՌԴ քաղաքացի ես, մեքենայում կանայք ու երեխաներ կան, թե ոչ։ Ոչինչ հաշվի չեն առնում, միայն գումար են աշխատում, որևէ մարդասիրական օգնություն չեն տրամադրում։ Մարդիկ օրերով կանգնում են Վերին Լարսի անցակետում, ես ինքս 5 օր կանգնել եմ անցակետում, և ՌԴ ԱԻՆ աշխատողներն անգամ տաք թեյ չեն առաջարկում մարդկանց, ովքեր այնտեղ կանգնած են։ Եվ դեսպանատունն այստեղ անելիք ունի, խոշոր քաղաքների տարածքում մարդկանց խմբեր կազմել, խմբերով անցկացնել սահմանը մինչև Վրաստանի սահման։ Իսկ Վրաստանում օրենքի շրջանակներում են աշխատում ու բարձր մակարդակով են սպասարկում քաղաքացիներին»,- հավելեց նա։