«Հայաստանը ճանաչե՞լ է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այո, ճանաչել է...».Փաշինյան

«Մարդիկ կան, ովքեր մեզ մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Ես ուզում եմ էլի հստակ արձանագրենք՝ արդյոք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում և ո՞ր իշխանությունն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Այո, Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին։

Ըստ նրա՝ այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Նա նշեց, որ իր այս հիշատակմանը որևէ բովանդակային հակադարձում չի եղել։

«Հիմա պետք չէ հիստերիկ հայտարարություններ անել։ Ավելին, Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ։ Եվ ՀՀ-ն Վարդան Օսկանյանի ու իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել մինչև այսօր։ Եվ մենք պետք է խոստովանենք, որ այդ հայտարարությունները հնարավոր է երբեք չկարողանանք հաղթահարել։ Մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները։ Այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այլ Հայաստանի Հանրապետությունն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան։ Եվ դա տեղի է ունեցել 2007 թվականին։ Եվ դա եղել է 2007-2008 թվականին իշխանության փոխանցման կոմբինացիայի մասը։ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս՝ ԼՂ-ին դուրս թողնելով 1998 թվականին բանակցային գործընթացից և 1998 թվականի նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ անվտանգության ստամբուլյան խարտիան։ Հիմա արդյոք մենք պայքարել ենք այդ որոշումների դեմ, որպեսզի այդ որոշումները կարողանանք հետ պտտել։ Այո, մենք պայքարել ենք, և բոլորդ եք տեսել, թե ինչպես ենք պայքարել։ Արդյոք հաջողել ենք, ոչ, չենք հաջողել։

Եվ ժամանակն է խոստովանել, որ երևի չենք էլ հաջողելու։ Էտ ո՞ւմ վրա են ինչ ուզում բարդել։ Հայաստանը ճանաչե՞լ է արդյոք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այո, ճանաչել է։ Եվ դրա հեղինակը Վարդան Օսկանյան-Ռոբերտ Քոչարյանն են։ Եվ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն այդ ժառանգությունն ընդունել են որպես իշխանություն ստանձնելու նախապայման։ Ռոբերտ Քոչարյանն էլ 1998 թվականին՝ որպես իշխանությունն ստանձնելու նախապայման, Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից՝ դրանով դնելով անկյունաքարը և վավերացնելով Եվրոպայում անվտանգության խարտիան։ Դա իրենք են ստորագրել իրենց կոտրած ձեռքերով, թող չփորձեն մեզ վրա որևէ բան բարդել։ Մենք անկեղծ պայքարել ենք դա հետ շրջելու համար»,- հավելեց Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.